Երեւանի «Ֆիզգորոդոկ» թաղամասի (Ալիխանյան եղբայրների փողոց) բնակիչ Հայկ Հարությունյանը քաղաքապետարանի ապօրինի գործողությունների դեմ հացադուլ է անում՝ ի նշան բողոքի:
Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ` հանքահատ մուրճի ձայների ներքո (շինարարությունը շարունակվում է, չնայած ամեն ինչին), նա հայտնեց, որ թաղամասի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են տարածքի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն՝ դատարան դիմելու եւ բնակիչների իրավունքները պաշտպանելու համար: Միաժամանակ, բնակիչները պահանջում են դադարեցնել շենքի շինարարությունը մինչեւ դատավարության ավարտը:
Հարությունյանը շեշտեց, որ շենքի կառուցումն իրականացվում է մշակութային եւ պատմական համալիրի տարածքում` հանրային տարածք, որն ավելի քան 15 տարի առաջ սեփականաշնորհվել է ապօրինի միջոցներով: «Սա անօրինական շինարարություն է: Մենք պաշտպանում ենք հուշարձանի տարածքը: Հետեւաբար, ոստիկանության գործողությունները մեր դեմ նույնպես անօրինական էին», - ընդծեց Հարությունյանը:
Այնուամենայնիվ, քանի դեռ քաղաքապետարանը չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, կամ խորամանկում է, ինչ-որ կերպ հայտնվում են հին ամսաթվով փաստաթղթեր, որոնք նախկինում չկային: Մասնավորապես, հենց բազմահարկ շենքի կառուցման թույլտվությունը: «Տարածքի վարձակալությունը եւ դրան հաջորդած սեփականաշնորհումը իրականացվել են անօրինական կերպով, եւ հանրային տարածքը որպես սեփականություն հանձնելը պետք է չեղյալ հայտարարվի», - հայտարարեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ եթե քաղաքապետարանը ժամանակին տեղեկացներ բնակիչներին թույլտվության տրամադրման մասին, իսկ այն թվագրված է հուլիսի 29-ով, եւ բնակիչները լուրջ կասկածներ ունեն, որ այն տրվել է հին ամսաթվով, իրենք փողոցում բողոքի ցույց չէին սկսի, այլ անմիջապես դատարան կդիմեին: Հիշեցնենք, որ բախում է տեղի ունեցել խաղաղ ակցիայի ներկայացուցիչների եւ ոստիկանների միջեւ: Տուժել են մի քանի բնակիչներ: «Մեզ չեն տրամադրում փաստաթղթեր եւ արագ շարունակում են շինարարությունը: Կարծում եմ, որ շտապողականությունը կապված է նրա հետ, որ ցանկանում են հնարավորինս շուտ տարածքը պարսպապատել եւ ցանկապատի հետեւում վերացնել բոլոր իրեղեն ապացույցները», - եզրափակեց Հայկ Հարությունյանը:











