Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաշաթաղցներին մոտեցավ Էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկը նրան ներկայացրեց խնդիրը՝ նշելով. «Արդեն մեկ տարի է, մենք տեղահանված ենք եւ ապրում ենք Հայաստանի տարբեր մարզերում: Ընդ որում 90 տոկոսին չեն ապահովել կեցության տեղով: Մարդիկ այսօր ապրում են վարձով, ինչ-որ փլատակներում: Մենք հիմնական խնդիրն է, որ այսօր ունենանք բնակարան, քանի որ դրանից կախված է մեր հետագա կյանքը: Արդեն 11 նամակ ենք գրել: Մեր խնդրանք է՝ մեր հարցին անդրադառնալ շատ ավելի արագ, քան նախատեսվում է, որովհետեւ մենք իրոք ապրելու տեղ չունենք: Սա կապրիզ չի: Մենք հետ գնալու տեղ չունենք: Բոլորս ՀՀ քաղաքացի ենք»:

Նա տեղեկացրեց, որ մինչեւ այսօր ստացել են 68-հազարական դրամները, ընդ որում տղամարդկանցց չեն տվել. «Եվ ստանում ենք 30-հազարական դրամ հյուրընկալման համար»:

Նախարար Քերոբյանն ասաց, որ այլ օժանդակություն եւս լինելու է՝ բնակարանների գնման վկայականներ են նախատեսվում, սակայն այս հարցի պատասխանատուն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է. «Ես կխնդրեմ նախարար Նարեկ Մկրտչյանին, որ հենց այսօր ձեզ ընդունի: Դուք իմ հարազատներն եք, ոնց որ քույր-եղբայրներ լինենք: Ես ամբողջությամբ կարեկցում եմ: Բայց ամենաճիշտը, որ պատասխանատու նախարարը տա ձեր հարցերի պատասխանը»:

Նախարարը նկատեց, որ եթե պետությունը անսահմնափակ միջոցներ ունենար, հենց էս պահին բոլոր հարցերը կլուծեր. «Հիմա մենք ունենք միջոցների սղություն: Դրա համար մի քիչ էս հարցն ենք լուծում, մի քիչ էն հարցն ենք լուծում: Այնպես չի, որ ոչինչ չենք անում: Այո, քիչ ենք անում: Կփորձենք այնպես անել, որ վերջնական լուծում տանք»:

Նշենք, որ Քաշաթաղի բնակիչները արդեն որերրդ անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են իրենց ապահովել կացարաններով, քանի որ տեղահանվել են ու բնակվելու տեղ չունեն: