Այսօր լրիվ նույն պատկերն է, ինչպես Ցեղասպանությունից առաջ եղած տարիներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երաժիշտ Արամ Թալալյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ոչ մի իշխանություն բարոյական իրավունք չունի քիրվայություն անելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ, քանի որ կա 7-8 միլիոնանոց Սփյուռքը, որոնք ժառանգներն են այդ հողերի:

«Ես չեմ տեսել լուրջ տնտեսագետ, որ ներկայացնի, թե ինչ կլինի, եթե մենք սահմանները բացենք: Սարսափելի բան  է լինելու, մենք ոչնչացնելու ենք մեր էկոնոմիկան, վերանալու է մեր շուկան: Մենք իրարամերժ ազգեր ենք, չենք ոչ խառնվել, ոչ միասնական պետություն կազմել: Ոնց որ ուզենաս մագնիսի կողմերն իրար կպցնես:

Իշխանության մեջ միայն այնպիսի մարդիկ էին, որ պատրաստ էին ամեն ինչ զոհաբերել հանուն իրենց պաշտոնի: Այսօր երբ բացում ես պատգամավորների անձնական թերթիկը, տեսնում ես, որ բացի դրանից ուրիշ բան չունի: Դրա համար ատամներով, ճանկերով կբռնվեն պաշտոնից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք Արցախի անկախության տոնի առթիվ չմեկնեց Արցախ, նա պատասխանեց. «Չգնացին, որովհետեւ հանցագործությունը դեռ չի ավարտված: Ռուսները խանգարեցին: Հանցագործությունը պետք է բիրիքով արվեր, բայց չստացվեց միանգամից: Պրոցեսը դեռ չի վերջացել եւ դա տեսնելու ենք բավական արագ, եթե այստեղ բավական լուրջ դիմադրություն չլինի: Մարդկանց մեջ պետք է կենսական այդ պահանջը արթնանա»: