Աղջիկս նախորդ տարի ամուսնացել է, եւ այդ կապակցությամբ նորապսակները երկու կողմի բարեկամներից, հարազատներից եւ ընկերներից գումարի տեսքով նվեր են ստացել, եւ այդ 3.5 միլիոն դրամը, կարծում եմ, այն գումարը չէ, որ չէին կարող ստանալ հարսանիքի առթիվ՝ որպես նվեր: Այս մասին հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի այն հարցին, թե որտեղ է նրա դուստրերից մեկը 3.5 դրամի չափով ֆինանսական միջոցների է տիրապետում:
Իոաննիսյանը նշել է, որ Սասուն Խաչատրյանի դուստրերից մեկն աշխատում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում: Հարցին, թե Սասուն Խաչատրյանի ՀՔԾ պետ լինելու գործոնը որքանո՞վ է ազդել դստեր աշխատանքի տեղավորման հարցում եւ որքանո՞վ այդ կառույցում դստեր աշխատելու գործոնը կարող է կաշկանդել նրան այդ կառույցի հետ կապված կոռուպցիոն գործերի քննության դեպքում, ՀՔԾ պետը պատասխանեց.
«Չի կարող կաշկանդել: Դուստրս, եթե չեմ սխալվում, 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում, եթե ես անգամ միջամտեի, ապա կուզեի, որ նա ավելի բարձր վարձատրվող աշխատանքով զբաղվեր, բայց նա սիրում է իր աշխատանքը, եւ ես չեմ միջամտում այդ հարցին»,- նշել է Խաչատրյանը:











