Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը, ով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ գնդակոծության ժամանակ ծանր վիրավորվել էր, համոզված է, որ ադրբեջանական կողմը գիտակցաբար է հարվածներ հասցրել՝ իմանալով, որ իրենք եկեղեցու ներսում են։ NEWS.am-ի հետ զրույցում Յուրի Կոտենոկը, հիշելով այդ օրերը, ասաց, որ թեեւ Ադրբեջանն անընդհատ ապատեղեկատվություն է տարածում եկեղեցու գնդակոծման մասին, այնուամենայնիվ, իր համոզմամբ, ադրբեջանական կողմը նպատակաուղղված է հարվածներ հասցրել։
«Առաջին ֆեյքը մի քանի ամիս առաջ էր: Ասվում էր, որ այդ տաճարում ես նկարահանել եմ հայ զինվորների վաշտը, որոնք գնում էին առաջնագիծ, ուստի իբր հարված է հասցվել ռազմական թիրախին։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սա սկզբից մինչեւ վերջ սուտ է։ Եկեղեցում կային Ռուսաստանի երեք քաղաքացիներ՝ ես, Արզանովը եւ կամավոր Հրանտ Բալադյանը։
Եւ հենց մեզ, մեր հեռախոսների ազդանշաններով, հարվածը հասցվեց։ Ադրբեջանական ֆեյքաստեղծները բացառապես ռուսական լսարանի համար նոր ֆիլմ են թողարկել այն մասին, որ մենք եկել ենք Շուշիի Ամենափրկիչ Քրիստոսի տաճար եւ այնտեղ իբր կամարը փլուզվել է, քանի որ տանիքը շատ վատ է կառուցված եղել։ Այս լուտանքը անընդհատ գալիս է նրանց շուրթերից, ուստի զարմանալու ոչինչ չկա։ Նրանք հիանալի հասկանում էին, թե ում եւ ինչի վրա են կրակում։ Սա հենց ռազմական հանցագործության ակտ է, պետք չէ խաբվել։ Դա անօդաչու թռչող սարքի ճշգրիտ հարված էր։ Չեմ բացառում, որ այս կերպ կառավարել են համակցված հաշվարկները։
Շուշիի տաճարին հասցված հարվածը ցուցադրական էր, եւ թշնամին դրանով ցույց է տալիս, որ ոչ մի բանի հետ հաշվի չի նստելու։ Նրանք պատրաստ են սպանել ամենուր՝ տաճարներում, եկեղեցիներում, դատարկ տեղում: Պետք է պատրաստ լինել իրադարձությունների շրջադարձին, չկան սահմանափակումներ, չկան բարոյական խոչընդոտներ, չկան վարքի կանոններ»,- ասաց նա՝ նշելով, որ Human Rights Watch-ի դասակարգման համաձայն՝ Ամենափրկչի տաճարին հասցված երկու հարվածները ռազմական հանցագործության ակտ են։ Այս մասին գրված է կազմակերպության կայքում, պաշտոնական փաստաթղթերում։ Մեկ տարի անց, բառացիորեն օրերս, հայտնվեց երկրորդ տարբերակը։ Ղարաբաղյան պատերազմը ռուս ռազմական լրագրողի համար դարձավ վեցերորդ արշավը, սակայն այստեղ նրան հաջողվեց լուսաբանել միայն Շուշիի տաճարի գնդակոծությունը, որտեղ էլ վիրավորվեց։ Նրան հաջողվել է ընդամենը մի քանի ժամով լինել Արցախում։ Ստեփանակերտում նա իմացել է, որ Շուշիի եկեղեցին գնդակոծվել է ու գնացել է այնտեղ։ Արդեն եկեղեցու մոտ նրանց հայտնել են, որ երկնքում դեռ անօդաչու թռչող սարք կա։ Եկեղեցուն երկրորդ հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա եւ մյուս լրագրողները ներսում տեսագրում էին առաջին հրթիռային հարձակման հետեւանքները:
Հարվածի հետեւանքով Յուրի Կոտենոկը ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նա իր փրկությունը հրաշք է համարում։ «Ադրբեջանցիներն ասում են, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում։ Բայց 44 բեկորները, որոնք եղել են իմ մարմնում, հակառակն են ապացուցում։ Դրանցից մոտ 20-ը դեռ կան, երկու բեկոր էլ՝ սրտումս կա։ Այն երկաթը, որ ինձնից հանել են, իմ տանն է։ Դրանք մետաղի հսկայական կտորներ են»,- ասաց լրագրողը։ Յուրի Կատենոկն արդեն ապաքինվում է, այս ընթացքում նա եղել է Հայաստանում, բուժման կուրս է անցել հայ բժիշկների մոտ։ Ռուսաստանում գտնվելով նա հետեւել է պատերազմի ընթացքին եւ կատարել իր վերլուծությունները։ Կատենոկի խոսքով, պարզ էր, որ հայկական կողմը կպարտվի պատերազմում. «Այն, ինչ արվել է 20 տարվա ընթացքում, իսկ իրականում ոչինչ չի արվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրական պաշտպանունակությունն ամրապնդելու համար, այն միջոցառումները, որոնք ուղղակիորեն իրականացվել են ղարաբաղյան երրորդ արշավի ժամանակ, բավարար չեն եղել։ Կարծում եմ, որ պատասխանատվությունը կոնկրետ մարդկանց վրա է։ Ես չէ, որ հայերին պետք է ասեմ, թե ովքեր են պատասխանատու։ Նրանք հիանալի հասկանում են, թե ով եւ ինչպես պարտվեց այս արշավում»,- հավելեց լրագրողը։ Հայաստանին, նրա համոզմամբ, թույլ չտվեցին պաշտպանել Ղարաբաղի հայերին, Արցախին օգնության բացակայությունն իր դերն ունեցավ։ «Կարծում եմ՝ ամեն ինչ ծրագրված է։
Սա դավաճանություն է, ընդ որում՝ բարձր մակարդակով։ Այնտեղ, որտեղ կան մեծ աստղեր, որտեղ կան բարձր աթոռներ։ Շարքային զինվորների մակարդակով զանգվածային հերոսություն է դրսեւորվել։ Այս մարտիկների հանդեպ պահանջներ չկան։ Մեղքը վերեւում գտնվողներինն է, ովքեր դավաճանել են շտաբերում, ովքեր առանձին բանակցություններ են վարել։ Յուրաքանչյուր փաստ, յուրաքանչյուր հանցագործություն, յուրաքանչյուր իրադարձություն ունի կոնկրետ կատարող։ Կարծում եմ, որ պատմությունը կբացահայտի բոլոր մեղավորներին։ Ինչո՞ւ այս ամբողջ ընթացքում չի կազմակերպվել Արցախի լիարժեք հակաօդային պաշտպանություն։ Որտե՞ղ են այդ հզոր զենիթահրթիռային համակարգերը, որոնք ծածկում են երկինքը, ծածկում միմյանց։ Որտե՞ղ են ռադիոէլեկտրոնային պատերազմի միջոցները: Ինչու՞ մինչ այժմ ոչ Ռուսաստանից, ոչ պաշտպանական արտադրանքի այլ առաջատար արտադրողներից չեն գնվել ռադիոէլեկտրոնային պատերազմի նորմալ միջոցներ, որոնք թույլ չէին տա այս բոլոր «Բայրաքթարներին» թռչել ներս: Երբ Ռուսաստանը Ղարաբաղյան երրորդ արշավի ավարտին կիրառեց էլեկտրոնային պատերազմի համակարգեր, հակառակորդը դադարեց անբաժան առավելություն ունենալ Արցախի երկնքում։ Ինչո՞ւ դա ավելի վաղ չարվեց հայկական կողմից։ Այս մեծ հարցերը մնում են ու դրանց պատասխաններն այդպես էլ չկան։ Երբ ժամանեցի Հայաստան, շատ զարմացա, պատերազմի շունչը չզգացի։ Այդպես չեն կռվում, կիսաշրջված չեն կռվում՝ կամ դու կռվում ես, կամ պարտվում ես»,- ասաց Կոտենոկը:











