Պարոն Խաչատրյան, երբ խոսում եք, թե որոշ կուսակցություններ խոսում են տոկոսների ու թվերի լեզվով, ձեր կողքին նստած տիկին Կյուրեղյանն էր, որ երեկ մոտեցավ ամբիոնին ու սկսեց խոսել թվերից. Մի էսպիսի գոհությամբ խոսում ու մեջբերում էր ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ նշեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ասում էր իշխանությունը գահյավիժում է, ձեր ձայները նվազում են: Պարոն Խաչատրյան, դուք ներկայացնում եք կուսակցություն, երբ գալիս էստեղ խոսում եք մեր կուսակցության հավաքած քվեներից, որոնք ի դեպ, բոլոր ՏԻՄ ընտրությունների հանրագումարով 50,2 տոկոս են, պետք է խոսեք նաեւ ձեր թվերից, որոնք 3,6 տոկոս են: համեմատեք դա նախորդ ԱԺ ընտրություններում ձեր հավաքած 21 տոկոսի հետ ու տեսեք այդքան բաղձալի թրենդը, պարոն Խաչատրյան»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց, որ Ալեքսանյանը սուտ տեղեկություններ է հրապարակում, ինչին Ալեքսնյանն արձագանքեց. «Պարոն Մինասյան, ստի մասով, ես կարծում եմ՝ դուք կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել եւ վստահաբար գրանցել պատվավոր հորիզոնական:

Ես ուզում եմ փաստեր, որ ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն էն կուսակցությունն է, որը ստացել է թվով ամենաշատը՝ համայնքային իշխանություն ձեւավորելու բոլոր ՏԻՄ մարմիններում: Երկրորդը գալիս է «Հանրապետություն» կուսակցությունը, թվով երկու համայնքներում: ՀՅԴ-ն չի հաղթել ոչ մի համայնքում: Կա համայնք, որտեղ ՀՅԴ-ն նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարել»:

Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ նաեւ Վարդենիսի դեպքերին՝ նշելով. «Վարդենիսի ձեր նշած ուժի ներկայացուցիչը 2018 թվականից դեռ անցնում է քրեական գործով, ինչը շատ հտուկ է այսօրվա ընդդիմադիրներին՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ խոշոր չափերի յուրացումների մասով: Ինչ վերաբերում է Իջեւանի ընտրություններին, ՔՊ-ն այնտեղ հավաքել է 80 տոկոս, իսկ ՀՅԴ-ն իր հավաքած ձայների թվով ավելի մոտ է եղել անվավեր քվեաթերթիկներին, քան ՔՊ-ին»: