Պարոն Չարչյանն օգոստոսի 23-ից գտնվում է անազատության մեջ ապօրինի կերպով եւ ՍԴ երեկ հրապարակված որոշումից հետո պարոն Չարչյանը չի կարող գտնվել անազատության մեջ, դատարանի դահլիճից պետք է անհապաղ ազատ արձակվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ապօրինի կերպով կալանավորել է Արմեն Չարչյանին՝ վերջինիս պատգամավորի կարգավիճակ ունենալու պարագայում։
Նրա խոսքով, ՍԴ-ն նույն որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել, որ անազատության մեջ գտնվող պատգամավորն անհապաղ պետք է ազատ արձակվի, հետագայում գլխավոր դատախազը կարող է դիմել ԱԺ՝ անձեռնխելիությունը հաղթահարել, ներկայացնել միջնորդություն կալանավորման վերաբերյալ։
«Բայց այստեղ առկա է հետևյալ խնդիրը. Գլխավոր դատախազը նման պարագայում չի կարող նույն միջնորդությունը ներկայացնել, քանի որ Քրեական դատավարության 142 հոդվածը, եթե չեմ սխալվում, հստակ սահմանում է, որ երբ խափանման միջոցը վերացվում է, նույն մեղադրանքի շրջանակում չի կարող կալանավորվել, եթե ի հայտ չեն եկել այնպիսի էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմին հայտնի չեն եղել»,- ասաց Ալեքսանյանը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 142 հոդվածի 4-րդ կետին, որը սահմանում է.
«Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին»։
Պաշտպանը մանրամասնեց, նոր ի հայտ եկած հանգամանք կարող է դիտարկվել ազատության մեջ գտնվելու ընթացքում քննությունից թաքնվելը, նոր հանցանք գործելը, քննությանը խոչընդոտելը և այլն, որոնք սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածով։
«Եթե նման էական հանգամանքներ ի հայտ չեն եկել, ապա դատախազը չի կարող մտնել ԱԺ անձեռնմխելիության հաղթահարման համար։ Եթե նույնիսկ մտել է, ապա որևէ դատարան չի կարող բավարարել միջնորդությունը և պատգամավորին ազատությունից զրկել»,- ասաց նա։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:











