«Հայաստան» խմբակցության անցումը փողոցային պայքարի՝ հայ-թուրքական հարաբերությունների այսպես կոչված կարգավորման գործընթացը տապալելու համար, անհրաժեշտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 15-ին ասաց «Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ստեղծված իրավիճակից, նրա խոսքով, կարելի է դուրս գալ համաժողովրդական դիմադրության ճանապարհով։ Նա հավաստիացրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի հաշտվելու ներկա իրավիճակի հետ եւ ամեն բան կանի, որպեսզի դուրս գա դրանից։ «Սա դատավճիռ չէ, ճակատագիր չէ։ Եթե մեզ հաջողվի վռնդել այս իշխանություններին, աշխարհը մեզ հետ այլ լեզվով կխոսի»,- նշեց Սաղաթելյանը։

Հարցին, թե կոնկրետ ինչ է արվում այդ նպատակին հասնելու համար, նա պատասխանեց. «Մենք ամենօրյա քայլերով, գործողություններով փորձելու ենք հասնել այդ նպատակին։ Այո, մենք այսօր կազմակերպվածության այն բարձր մակարդակը չունենք, որպեսզի լայնածավալ փողոցային պայքարի անցնենք։ Կանգնած է այդ պայքարը կազմակերպելու խնդիրը, ակտիվ աշխատանք է տարվում, քննարկումներ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ առանձին անձանց հետ»։

Փոխնախագահը հավաստիացրեց, որ երբ բնակչության 5 տոկոսը պատրաստ լինի փողոցային պայքարի, ներկայիս ռեժիմը մեկ օր ավել չի մնա իշխանությունում։ «Մարդկանց այդ քանակությունը պետք է պայքարի փողոցում ոչ թե մեկ, այլ մի քանի օրեր։ Մարդկանց մեծ քանակություն արդեն գրանցվել է, եւ նրանց հետ քննարկումներ են վարվում։ Մենք պետք է դուրս գանք փողոց մեկ անգամ եւ վերջնական, վճռական, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի»,- ընդգծեց նա։

Ճշգրտող հարցին, թե էլի որքան պետք է սպասել, եթե հաշվի առնվի այն, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն խոսում է հատուկ բանագնացների մասին, ինչը հաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք դեռ մեկ տարի առաջ էինք ասում, որ եթե ներկա ռեժիմը մնա իշխանությունում, վերջն այսպիսին է լինելու։ Երբ ոմանք նստած են տաքուկ տեղերում, ստատուսներ են գրում սոցիալական ցանցերում եւ փողոց դուրս չեն գալիս, դա խնդիր է։ Մենք չենք հրաժարվում պատասխանատվության մեր բաժնից։ Մենք խնդիրներ ունենք մեր քաղաքացիների հետ անկեղծ երկխոսության առումով, խնդիրներ այն բանի հետ, որ հասկացված լինենք»։