Ինչ վերաբերում է կրթական ոլորտին, ապա Երեւանի քաղաքապետարանի հետ հակասություններ չկան։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նա հիշեցրեց, որ հիմնական դպրոցները քաղաքապետարանի ենթակայության տակ են, իսկ ավագ դպրոցները՝ նախարարության ենթակայության` նման բաժանումն արհեստական անվանելով։ «Սակայն դա նախարարության կամ քաղաքապետարանի խնդիրը չէ։ Դա մենք ժառանգություն ենք ստացել»,- ասաց նախարարը։ Դումանյանն ասաց, որ շուտով միասնական կառավարման համակարգ կներդրվի։

Նա վստահեցրեց, որ չգիտի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ «Ես փաստացի տեղեկություններ չունեմ եւ չեմ ուզում գնահատականներ տալ»,- ընդգծեց նախարարը։

Մայրաքաղաքի քաղաքապետի աշխատանքը գնահատելու խնդրանքին ի պատասխան՝ նա հորդորեց կոռեկտ հարցեր տալ, որոնք բովանդակալից բնույթ կկրեին: