Թալինի նորընտիր ավագանու առաջին նիստում 1 ձայնի տարբերությամբ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Տավրոս Սափեյանը:

Ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրել էին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի  թեկնածությունը: «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը նշել էր, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Այդ պարագայում Սափեյանը չէր կարող համայնքապետ ընտրվել, եթե «Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը, չքվեարկեր իշխող կուսակցության թեկնածուի օգտին:

Նախքան քվեարկության անցկացումը Կարեն Գրիգորյանը, դիմելով Սափեյանին, ասել է, որ նա քաղաքապետ չի կարող լինել՝ նկատի ունենալով մանդատների բաշխվածությունն ու ընդդիմադիր ուժերի կոալիցիոն պայմանավորվածությունը:

«Տավրոսը շատ լավ գիտի, որ Կարեն Գրիգորյանը ներկա պահին անցած է, քանի որ կուսակցությունները միավորվել են: Տավրոս ջան, քեզ ասել եմ բազմիցս՝ դու գիտես, որ ծերից ծեր քաղաքապետ չես, դա շատ լավ գիտես»,- ասել է Կարեն Գրիգորյանը:

Նրա ղեկավարած «Հայք» կուսակցության ավագանու անդամներից մեկը հայտնեց, որ իրենք Գրիգորյանի թեկնածությունն են առաջադրում համայնքի ղեկավարի պաշտոնում, բայց Գրիգորյանը հայտարարեց, որ հրաժարվում է՝ նշելով. «Ես շնորհակալություն եմ հայտնում մեր կողքին կանգնած 6000-7000 ժողովրդին… Տավրո՛ս, դու գիտես, չէ՞, որ էս քո համար չի արվում, գիտե՞ս, բարձրաձայնի՛: Էս ամբողջ ծանրությունը վերցնելով իմ վրա, ոչ մեկին վատ վիճակի մեջ չդնելով…»: Ի պատասխան՝ իշխող կուսակցության համայնքապետի թեկնածուն արձագանքում է՝ «Էդ ամեն ինչը գիտեմ, ցավդ տանեմ»:

Քվեարկությունից հետո «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորող Մնացական Մնացականյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրենց հետ կոալիցիոն պայմանավորվածություն ունեցող «Հայք» կուսակցության առաջին համար Կարեն Գրիգորյանի որոշմանն ու քվեարկությանը, նշել էր.

«Ես լսեցի, որ ինքը դիմելով ՔՊ-ի թեկնածուին, ասաց՝ դու իմացի, թե ում խաթր եմ քեզ ձայն տալիս: Եթե որեւէ մեկը որեւէ մեկի խաթր կարող է 6 հազար մարդու ձայն ոտնատակ տա, սա 29 համայնքի ընտրողների խնդիրն է: Եթե մարդը կարողանում է մեկ ակնթարթում այդ խնդիրը կապել նեղ անձնական խնդիրների հետ... ես չգիտեմ՝ ճնշումներ են եղել, թե ոչ, մամուլը շատ բան գրել է, կարող եք դիմել իրեն, թող պատասխանի: Եթե մարդը քվե է խնդրում, հետո իր ցուցակի երկրորդ համարին ներկայացնում է որպես համայնքապետի թեկնածու ու ինքը քվեարկում է մյուս ուժի օգտին, ես մեկնաբանություն չունեմ»: