ՔՊ-ի վարչությունը, փաստորեն, որոշել է, որ ամենակարեւոր հարցը Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելն է, փորձում են Հայկ Մարությանից հրաժարվել, բայց այն կետերը, որ ես կարդում եմ, համոզիչ չեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսյանը, որը ժամանակ առաջ դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից:

«Այստեղ «իմ քայլի» անդամների ելույթներից շատերը արդարացում էին, քան հիմնավորում: Խնդրում եմ՝ ոչ թե արդարացեք, այլ հիմնավորեք քաղաքացիների համար, որ մարդիկ հասկանան, թե ինչու եք Հայկ Մարությանին ուզում փոխարինել Հրաչյա Սարգսյանով:

Վերջին շրջանում լրատվականներով տարբեր թեմաներ գցելով, հասունացնելով քաղաքապետի հրաժարականի թեման, շատ տխուր ու վատ ձեռագիր է, որը հիշեցնում է ՀՀԿ-ին: Ֆեյքերի անդեմ, անսեռ, հակահիգիենիկ գրառումներով փորձում են եղանակ ստեղծել»,-ասաց նա:

Ավանեսյանն անդրադարձավ նաեւ ավտոբուսների սաբոտաժի խնդրին. «Այո, ավտոբուսների բերելու հետ կապված սաբոտաժ եղել է, եւ ես ինքս դա հաստատում եմ: Ես որոշում էի կայացրել, որ քաղաքը չպետք է տուժի: Ես մասնակցել եմ այդ նիստին, քվեարկել եմ, որ քաղաքը ունենա նոր ավտոբուսներ:

Այո, «Իմ քայլը» շատ է շեղվել հեղափոխական արժեքներից: Այնպիսի լուսավոր դեմքեր են լքել այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպիսիք ենԿարեն Անտաշյանը, Արսեն Կարապետյանը, Գրիգոր Երիցյանը, Գայանե Վարդանյանը, կարող ենք շարունակել»,-ընդգծեց Էռնեստ Ավանեսյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: