Երեկ տեղի է ունեցել Վանաձորի վագանու ՔՊ խմբակցության նիստը, ընտրվել է խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանը, որոշում է կայացվել, որ այսօր պետք է գնային ավագանու անդրանիկ նիստին, բայց քանի որ այսօր առավոտյան 10.15-ի սահմաններում հայտարարություն է տարածխվել, որ դատարանի որոշմամբ նիստը չեղարկվում է, մեր խմբակցությունը չի գնացել եւ չի մասնակցել նիստին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» քայլին, որի հայցի հիման վրա էր դատարանը որոշում կայացրել, ինչը շատ գործիչներ գնահատել են որպես ծառայություն ՔՊ-ին, մարզպետն ասաց, որ ԼՀԿ-ի քայլը նորմալ է համարում, նրանք օգտվել են իրենց իրավունքից. «Նրանք կասկածներ ունեն, որ իրենք պետք է ունենային այդ մեկ մանդատը, ինչը վճարկում են դատարանում: Իմ կարծիքով, քանի որ առաջին նիստով պետք է քաղաքապետ ընտրվի, իրենք էլ են ուզում մասնակիցը լինել այդ ընտրությանը: Էդմոն Մարուքյանն ի՞նչ հետագիծ ունի, իրենք եղել են ԱԺ-ում ընդդիմություն, շատ հարցերում մեզ քննադատել են: Նրանք իրենց իրավունքն են ուզում պաշտպանել այս պահին»:

Հարցին, թե արդյոք ՔՊ-ն Վանաձորի համայնքապետի թեկնածու առաջադրելու է, թե ոչ, եւ արդյոք այդ հարցով բանակցում է այլ ուժերի հետ, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Այս պահին դեռ քաղաքապետի թեկնածուի մասով հստակ որոշում չունենք: Մենք հիմա ժամանակ ունենք, տեսնենք՝ ինչով կավարտվեն դատական պրոցեսները: Դրանից հետո կքննարկենք եւ որոշում կկայացնենք: Երեկվա խմբակցության նիստում որոշում է կայացվել, որ տեղում չի բացառվում, որ որեւէ քաղաքական ուժ՝ ՀԱՍԿ-ը կամ «Ապրելու երկիրը» առաջադրեին թեկնածու եւ քվեարկվեր, նաեւ ՔՊ-ն առաջադրեր թեկնածու: Իրենք ազատ էին այդ որոշման մեջ»:

Նա ընդգծեց, որ ՔՊ-ն Մամիկոն Ասլանյանի թեկնածության օգտին չէր քվեարկի:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։