Նախորդ նիստին ես խոսեցի Տիգրան Մեծ փողոցի բակերից մեկում քանդվող լոզավազանի մասին, նշելով, որ այնտեղ կա գարեջրատուն եւ դրանից մեկ օր հետո հետեւեց գարեջրատան տիրոջ զանգը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ավագանու «Լունս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Բորբոքված ձայնով ներկայացավ որպես բնակիչ, բայց այնքան խելք չուներ, որ իր սեփական համարից էր զանգահարել ու շատ հեշտ բացահայտվեց, որ գարեջրատան տերն է:

Այսօր ավագանու համաձայնությունն էր պետք Գյուջյան փողոցում մի շինություն քանդելու համար, իսկ երբ քանդվում էր գեղեցիկ լուծումներով լողավազանը, ավագանու ոչ մի որոշում չպահանջվեց: Ի՞նչ տարբերություն վարչական շրջանների միջեւ, արդյոք Նոր նորք վարչական շրջանի ղեկավարն ավելի քիչ դիրք ունի քաղաքապետարանում, քան Կեենտրոնի: Լողավազանը քանդելու համար ոչ ճարտարապետի համաձայնություն է եղել, ոչ Երեւանի ավագանու: Ասեմ ավելին, նախնական նախագծով քանդման որոշում չի եղել, հետո ավելացվել է: Ոչ մեկը մինչ օրս այդ ճարտարապետական գեղեցիկ լուծումն ավերելու համար պատասխան չի տվել, երբ են պատասխանատվության ենթարկվելու Երեւանի դեմքը խզբզողները»,-ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է գարեջրատան սեփականատերը զանգել ձեզ: Ես կխնդրեմ մեր վերհսկողության վարչության պետին այդ հարցն ուսումնասիրի, որից հետո ինձ մոտ քննարկում կունենանք ձեր մասնակցությամբ, տիկին Խաչատրյան»: