Վարդենիսի ավագանու նիստը տապալվեց, քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Վարդենիսի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրա Մանուչարյանը:

«Մենք նպատակ չենք ունեցել նիստ հրավիրել առանց իրենց: Եվ մենք եւ իրենք, մեծագույն հարգանքով միմյանց հանդեպ, կսպասենք հետագա ընթացքին»,-ասաց նա:

Մանուչարյանը չհամաձայնեց, որ ՔՊ-ն այս ընտրություններում պարտվել է՝ նշելով, որ վաղ է խոսել պարտության կամ հաղթանակի մասին, քանի որ մինչև նիստի կայացումը պարզ չէ՝ ավագանու անդամներից որ մեկն ում կընտրի՝ այդպիսով կասկածի տակ դնելով ավագանու ընդդիմադիր անդամների միասնականությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կարելի՞ էր մի միջադեպի պատճառով տապալել նիստը եւ համայնքապետ չընտրել, նա արձագանքեց. «Այս ամենը հետեւանք է ոչ առողջ քարոզարշավի, եւ բնականաբար, մի բան պայթելու էր, որովհետեւ անտեսվեցին բազմաթիվ օրինախախտումներ, որոնք բոլորի համար տեսանելի էին»:

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվեց, համայնքապետ չընտրվեց։