Ազատության 12/4 հասցեում գտնվող բանջարեղենի կրպակը մոնումենտցիների շրջանում հայտնի է որպես Հադրութի խանութ։ Տարածքի բնակիչներն այս կրպակ են գալիս հատկապես թթու գնելու համար։ Տիկին Զարինեի դրած թթուն, ասում են՝ շատ համեղ է։

Պատերազմի ընթացքում Հադրութից տեղահանված եւ ընտանիքի հետ այս տարածքում բնակություն հաստատած Զարինե մայրիկը թթուն պատրաստում է հադրութցիների բաղադրատոմսով։ Տարիներ շարունակ ընտանիքի ու հյուրերի համար թթու դրած հադրութցի կինը չէր պատկերացնում, որ մի օր այն դառնալու է իր ապրուստի միջոցը։

«Առաջին օրերը շատ դժվար էր մինչեւ ժողովրդի հետ ծանոթացանք։ Էս թաղամասում մեզ սիրով են ընդունել, կյանքում էսպիսի ընդունելություն չեմ տեսել։ Մի քանի կանգառ ներքեւից լսել են, որ Ղարաբաղից ենք, գալիս են էստեղից առեւտուր անում։ Սկզբում թթուն դնում էի փոքր ամաններով, ասացի՝ փորձենք, տեսնենք կստացվի՞, թե՝ ոչ։ Սկսեցին տանել, անգամ ժամանակ էր լինում, երբ դեռ թթված չէր լինում, բայց  մարդիկ տանում էին։ Էդպես որոշեցինք ամանները մեծացնել, որ ժողովրդին կարողանանք  բավարարել»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմում է Հադրութից տեղահանված Զարինե Աբրահամյանը։ 

Արցախյան առաջին պատերազմում վիրավորում ստացած ամուսնու, երկու զավակների հետ դժվարություններ հաղթահարելով, 20 տարվա ընթացքում Աբրահամյանները Հադրութում տուն էին ստեղծել, հետո նաեւ բիզնեսներ հիմնել։ Հիմա այնտեղ ադրբեջանցիներն են հաստատվել։ Զարինե մայրիկը հիշում է՝ սեպտեմբերի 27–ից առաջ մեծ եռուզեռով, անքուն գիշերներով պատրաստվում էին իրենց մեծ խանութի բացմանը, չհասցրեցին բացել։ Հիմա իրենց կառուցած խանութի շենքն ադրբեջանցիները վերածել են շտաբի։

Զարինե մայրիկը նախընտրում է պարբերաբար թերթել այն նկարները, որտեղ իրենց անցյալի երջանիկ հիշողություններ են։
Նա հիշում է՝ ինչպես արցախյան շարժման առաջին տարին հարս եկավ Հադրութ, հետո պատերազմ սկսվեց, թշնամու պայթյունից տանը մահացավ սկեսրայրը, կռվում վիրավորվեց ամուսինը, իր եղբայրներից մեկն էլ զոհվեց պատերազմում։

Հետպատերազմյան ծանր տարիներից հետո՝ 2000 թվականին, բարեկամներից  մեկի օգնությամբ Հադրութում սրճարան բացեցին։ Զարինե մայրիկն ասում է՝ օրուգիշեր աշխատում էին հաջողության հասնելու համար, ստեղծածով էլ նորից ներդրում էին անում, նոր բիզնես ստեղծում, ու բոլորը Հադրութում, քանի որ կասկած անգամ չունեին, որ հնարավոր է՝ մի օր ստիպված լինեն լքել հայրենի հողը։ Պատերազմի ժամանակ էլ մինչեւ Հադրութի ընկնելը չէին լքում քաղաքը, որդին ռազմաճակատում էր, դստերը տեղափոխել էին Երեւան, իսկ իրենք ամուսիններով մնացել էին Հադրութում ու սպասում էին պատերազմի ավարտին մինչեւ հոկտեմբերի 8–ը, երբ ստիպված եղան տարհանվել։

«Ոչ մի բան չգիտեինք, որ իմանայինք գոնե մի լուսանկար,  ծննդական կվերցնեինք, գիտեինք, թե հետ ենք դառնալու։ Մեր բանակը միշտ հաղթել է, մենք պարտված չենք եղել, որ իմանայինք՝ պարտվելն ինչ է»,– ասում է Զարինե Աբրահամյանը։ 

Տիկին Զարինեն իրենց բոլոր հաճախորդներին ճանաչում էր, շատերը Հադրութի զորամասի ծառայողներն էին։

«Ես մի պահ ափսոսում եմ, որ էդ գործն եմ արել, որովհետեւ բոլոր զոհերին ճանաչում եմ, բոլորի դիմաց հաց եմ դրել։ Օրեր առաջ հարեւան շենքից մի մարդ եկավ, ասաց՝ լսել եմ, թե Հադրութից ես, տղաս էնտեղ անհայտ կորել է, ասացի՝ նկարը ցույց տուր,  ցույց տվեց, ճանաչեցի, ծնունդը մեր սրահում էինք նշել, անունը Նարեկ էր։ Հիմա ամեն անգամ երբ էդ մարդն անցնում է մեր խանութի մոտով, ես էլ հետը մեռնում եմ»,– ասում է Զարինե մայրիկը։  

Թշնամուն թողած՝ տասնամյակների իրենց ստեղծածը հիմա Զարինե մայրիկի աչքին չի երեւում։ Ավելի կարեւոր բան է թողել Հադրութում։
«Ափսոսում եմ մեր զոհերի համար, մեկ էլ, որ եղբորս գերեզմանը թողել եմ էնտեղ»։