Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կազմակերպել եւ մարդասիրական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի մանկական վերականգնողական կենտրոնում։ Խաղաղապահներն ու բարերարները Ռուսաստանից բերված ամանորյա նվերներ են հանձնել հաշմանդամություն ունեցող եւ անապահով ընտանիքներից շուրջ 50 երեխաների։
«Ռուս խաղաղապահները բարեգործական հիմնադրամների հետ միասին մարդասիրական ակցիա են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի վերականգնողական կենտրոնում, որտեղ մենք մանկական աթոռներ, ձեռքի շարժունակությունը վերականգնելու համար ավազով սեղան, ինչպես նաեւ տաք մանկական ծածկոցներ ենք հանձնել»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Սոկորեւը։
Ակցիայի շրջանակներում խաղաղապահներն ու բարերարները Ստեփանակերտ քաղաքի մանկական վերականգնողական կենտրոնին են նվիրաբերել 40 տաք ծածկոց, 40 աթոռ եւ ավազաթերապիայի սեղան՝ շարժիչ հմտությունների զարգացման համար։
«Այսօր մեզ հյուր էին եկել խաղաղապահները եւ մեզ բերել լավ նվերներ, աթոռներ եւ, ամենակարեւորը՝ նուրբ մոտորիկայի զարգացման համար ավազի սեղան, ինչը մեզ շատ էր պետք, եւ տաք ծածկոցներ։ Ցանկանում եմ մեր ողջ թիմի, մեր բոլոր պացիենտների, ու երեխաների ծնողների կողմից շնորհակալություն հայտնել՝ նման աջակցության եւ նման օգնության համար, շնորհակալություն ձեզ»,- ասել է մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը։
Ռուս խաղաղապահները պարբերաբար միջոցառումներ են անցկացնում՝ տեղի բնակիչների հետ աշխատելու, օգնության առավել կարիք ունեցողների մասին տեղեկություններ հավաքելու համար, շփվում են բարեգործական կազմակերպությունների հետ եւ անհրաժեշտ մարդասիրական օգնություն են փոխանցում Լեռնային Ղարաբաղի մանկական ուսումնական հաստատություններին եւ ընտանիքներին:
Տեղեկատվություն հավաքելուց եւ մշակելուց հետո ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները ամանորյա տոներին մարդասիրական ակցիաներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում եւ հեռավոր բնակավայրերում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է հրադադարի ռեժիմ եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցում։ Լեռնային Ղարաբաղում հրադադարը եւ ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ։











