Թուրքիան հիմա ասում է՝ ես գնում եմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, բայց այնպես, ինչպես կասի Ադրբեջանը, այսինքն նախապայմաններն էլի մնում են, բայց դրանք ոչ թե Թուրքիան է թելադրում, այլ Ադրբեջանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը:

«Թուրքիան միշտ ասում է, որ հաշվի է առնելու եւ շարժվելու է Ադրբեջանի շահերով եւ ինչպես կասի Ադրբեջանը: Սա անվանել առանց նախապայմանների հարաբերություններ, լուրջ չէ»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ ըստ թուրքական աղբյուրների, Հայաստանն առաջարկել էր, որ իրենց միջեւ առաջին հանդիպումը կայանա Մոսկվայում, թուրքերն էլ ասել էին, որ կուզենային, որ հանդիպումը լիներ առանց միջնորդների: «Բնական է, որ մոդերատորը Ռուսաստանն է, եւ Թուրքիան կուզի, որ լինի առանց մոդերացիայի: Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններն աշխարհաքաղաքական պրոցեսների համատեքստում են: Եվ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը ինչ-որ ձեւով միջամտելու են այդ հարաբերություններին: Սրանք ուղիղ հայ-թուրքական հարաբերություններ չեն լինելու»:

 Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նա նկատեց, որ պատերազմից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա ւոժեղացավ. «Հայաստանն իր սահմանները չի կարողանում պաշտպանելը, հույսը դրել է ռուսների վրա: Հայ-ադրբեջանական բանակցությունները ռուսների միջնորդությամբ, երբեմն ճնշմամբ են տեղի ունենում: Գերիների վերադարձը հիմնականում ռուսներն են զբաղվում: Տնտեսական ներդրումների մեծ մասը ռուսական է: Իշխանություն, որի ամբողջ կադրային բազան հակառուսականություն կրող մարդիկ են, բայց իր գործողություններով այս վարչապետն ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, քան նախկին իշխանությունները»:

Ստեփան Դանիելյանը հայտարարեց, որ այն, որ այս իշխանությունը հաղթեց հունիսին կայացած ԱԺ ընտրություններում, ոչ թե այն բանի շնորհիվ էր, որ կապ գոյություն ունի այս իշխանության եւ հասարակության մի շերտի միջեւ, այլ որովհետեւ կապ գոյություն չունի հասարակության եւ ընդդիմության միջեւ. «Այս պատերազմից հետո պարզ չէր, թե ընդդիմությունն ինչ է առաջարկում, եւ արդյոք ունի այն հարցերի պատասխանը, թե ինչ է անելու Արցախի հետ, ինչ է անելու նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, ինչ քաղաքականություն է վարելու, արդյոք նոր պատերազմ կլինի, թե ոչ: Եվ եթե չկա այս հարցերի պատասխանները, ի՞նչ մաստ ունի իշխանությունը փոխելու»: