Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ին կթռչի Ղազախստան՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստում։

«Տեղում իրադրությունն ուսումնասիրելու, հրամանատարի, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության հետ հանդիպման համար, Ղազախստանի Հանրապետության  նախագահի եւ ՀԱԽ նախագահի հետ համաձայնեցմամբ, վաղը թռչում եմ Ղազախստան»,- ասել է Զասը։

Զասը հայտարարել է, որ այնպիսի խնդիրներ, որոնք կպահանջեին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ինչ-որ որոշումների ընդունում, Ղազախստանում չկան։

«Երեկ ես խոսել եմ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերդյուկովի հետ։ Նրա զեկուցման համաձայն՝ պետությունների ղեկավարների մակարդալով լուծում պահանջող խնդիրներ չկան»,- ասել է նա։

Զասի խոսքով՝ գործողությունը Ղազախստանում ցույց է տվել, որ ՀԱՊԿ ստեղծած խաղաղապահ պոտենցիալն աշխատում է եւ կարող է կատարել առաջադրանքները։