Դատավոր Կարեն Բիշարյանը եւս միացավ այն քաղաքական հետապնդումների շղթային եւ օրինական ուժի մեջ թողեց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքը։

«Ընդ որում արդեն իսկ ակնհայտ է այս քրեական գործի քաղաքական հիմքը շատ լավ երեւաց դատավարության ընթացքում, քանի որ դատավարությանը ներկայացրած հսկող դատախազը երբ իրեն ձայն տրվեց հիմնավորելու համար իրենց խոսքը, հրաժարվել էր դիրքորոշում հայտնել այն պատճառաբանությամբ, որ դատախազությունը համաձայն չէ այն, ինչ անում է ԱԱԾ։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում առնվազն կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր եւ Մանթաշյանն օր առաջ լիներ ազատության մեջ, բայց, ցավոք, դատավորը չունեցավ այն անկախությունը եւ վերահաստատեց քաղաքական հետապնդումը»,- նշեց նա։

Փաստաբանը հայտնեց՝ երբ բողոքի քննությունը չէր սկսվել, իրենք բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին. «Քանի որ նա, ակնհայտորեն, հոգեբանական դաշտում ասենք կամ ներքին համոզմունքի դաշտում ասենք, խնդիրներ ուներ Մանթաշյանի հետ։ Դատավոր Կարեն Բիշարյանը «Մարտի 1-ի» խայտառակ գործով եղել է մեղադրող, ջանասիրաբար պաշտպանել է մեղադրանքը՝ իր հրապարակային խոսքով»։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։