Իմ գործընկերներից որեւէ մեկը դեմ չէ ընդհանրապես կարգապահական վրույթների գոյությանը. խոսքն այստեղ այն մասին է, որ անհարկի, ցանկացած առիթով թիրախային կերպով չընտրվեն այն դատավորները, որոնք նկատմամբ կարգապահական վարույթներ է կիրառվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ավելի վաղ մի խումբ դատավորների արած հայտարարությանը, ըստ որի Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը խոչընդոտում է դատավորի անկախությանը:

«Խոսքն այն մասին է, որ կոնկրետ առիթ լինի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու համար: Այն բոլոր վարույթներով, որոնցով ներկա եմ գտնվել, ես հիմքեր չեմ տեսել»,-ասաց դատավորը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը տանելուն՝ դատավոր Հարությունյանն ասաց, որ սրանով խոչընդոտվում է դատական իշխանության աշխատանքը. «Դա, մեղմ ասած, իրավաչափ չէ։ Ոնց հասկանում եմ՝ Բարձրագույն դատական խորհուրդը չի թաքցնում՝ ցանկություն չունեն դա հետ բերելու։ Ասում են, թե, իբր, բանակցում են նոր ընկերությունների հետ, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում, բայց երբևէ լսե՞լ եք, որ որևէ միջոցներ ձեռնարկեն այդ համակարգիչները հետ բերելու ուղղությամբ», - հավելեց դատավորը։

Նշենք, որ Մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։