Այն փոքր, մի քանի հոգանոց թիմը, որ կա ՔՊ կառույցում, որոշում կայացրեց, որ շատ ավելի չեզոք, ռիսկերից զերծ կերպար է պետք նախագահի պաշտոնում, գոնե հանրային ընկալման մեջ: Այս մասին NEWS.amTALK TIME-ի տաղավարում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն նախագահի պաշտոնում ներկայացրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը:

Նրա խոսքով, որքան էլ Վահագն Խաչատրյանը կուսակցական չէ, սակայն լինելով կառավարության անդամ, մեծ հաշվով իշխող թիմի անդամ է եւ կիսում է իշխող ուժի ծրագրի թեզերը. «Այստեղ նույնիսկ կարեւոր չէ, թե ով է նշանակվելու, որովհետեւ նախագահի լիազորությունները սահմանափակ են, եւ դրանից պարբերաբար դժգոհում էր Արմեն Սարգսյանը: Մեծ հաշվով բերում են մի աթոռապահ: Եթե մի քիչ կոպիտ ասենք, դա յուրային նոտարի պաշտոն է լինելու, որը ցանկացած իրավական փաստաթուղթ հաստատելու է»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ուզում է մոնոպոլիզացնել իշխանական ամբողջ բուրգը, եւ Վահագն Խաչատրյանին դնում են, որ այդ օղակը փակի. «Ենթադրում եմ, որ նախագահի թեկնածությունը լոբբինգ է արել Խաչատուր Սուքիասյանը: Ենթադրվում է, որ այնուամենայնից, հեռանկարում ես չեմ բացառում, որ կարող է ուրվագծվել ինչ-որ մի թիմ ՔՊ-ի եւ կառավարության ներսում: Այսօր դրա մասին խոսելը դեռ վաղ է: Եթե երկրում լինեն ինչ-որ պրոցեսներ, որտեղ տեղի ունենա մի թիմից մյուսը առնետավազք, ապա կարծում եմ, որ երկրորդ բեւեռը կառավարությունում կամ ՔՊ-ում, կձեւավորվի հենց Խաչատուր Սուքիասյանի շուրջը»,-ընդգծեց նա: