Հունվարի 29-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ Օձուն գյուղի Այգեգործների փողոցի քարի չգործող արտադրամասից գողություն են անում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կար նաև տեղեկություն, թե ինչ մակնիշի մեքենան են բեռնում գողոնը:

Ոստիկաններն արագ մեկնում են դեպքի վայր, սակայն բեռնատարն արդեն շարժվել էր: Այն հաջողվում է հայտնաբերել ու կանգնեցնել Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գերեզմանատան մոտակայքում: Ստուգմամբ «ԳԱԶելում» հայտնաբերվում են մետաղական կառուցատարրեր։ Գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվում վանաձորցի, 68-ամյա վարորդն ու երկու ուղևորները:

Նույն կասկածանքով բերման է ենթարկվում նաև քարի արտադրամասի հարևանությամբ բնակվող տղամարդը: Հենց նա էր ի սկզբանե կասկածվում գողության մեջ: Նա հայտնում է, որ առանց տեղյակ պահելու արտադրամասի տիրոջը՝ վաճառել է մետաղական կոնստրուկցիաները, իսկ գնորդները տեղյակ չէին, որ ապրանքը գողացված է:

Գողոնով բարձված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են: