Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման, օրինականության կազմաքանդման, դատավորների համատարած ճնշումների հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ քիչ անց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվելու է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
«Մենք գործ ունենք կոնկրետ դատավորի գործունեության միջամտության հետ, այսինքն՝ դատավորը որոշում է կայացրել՝ գործի փաստերի հիման վրա, դա Դատախազության կողմից չի բողոքարկվել Վերաքննիչ դատարան, հիմա դատախազն ու քննիչը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որը կասկածի տակ դնելու իրավունք չունեն, ասում են՝ բավարար չի, որ ապօրինի է, մի հատ էլ՝ ակնհայտ ապօրինի է։ Այսօր առաջին ատյանի դատարանը պետք է մեկ այլ դատավորի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնի՝ որոշումն օրինական էր, թե՝ ոչ։ Դրա համար կա Վերաքննիչ դատարան, որն օրինականությունը եւ հիմնավորվածությունը պետք է ստուգի, դրա հիման վրա էլ նոր եթե կլինեին խախտումներ, դրանից հետո կարող էին մտածել ինչ-որ պրոցեսների մասին։ Եթե այսօր գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը որեւէ որոշում կայացնի, կարող են առանց որեւէ բողոքարկումների, մի հատ էլ քրեական գործ հարուցել։ Մենք որ լսում էինք սրա մասին, չէինք հավատում»,- նշեց նա։
Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կողմից Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն տալուն՝ Երեմ Սարգսյանն ասաց.
«Այդ կառույցում այդքան իրավաբան-գիտնականներով հավաքված են, տեսեք՝ ինչ խայտառակ որոշում են գրել, այնպիսի փաստեր են գրել, որ նույնիսկ հիմնավորումը չկա։ Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման, օրինականության կազմաքանդման, դատավորների համատարած ճնշումների հետ։ Այն դատավորը, որը չի ենթարկվում եւ ինքնուրույն է որոշում կայացնում, բոլորին ցույց տան, որ բոլորին կպատժենք, նույնիսկ քրեական գործեր կհարուցենք, կկասեցնենք լիազորությունները որեւէ գործ չես քննի»։
Մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ ԲԴԽ-ն պետք է երաշխավորի դատավորի անկախությունը. «Երբ կա հանցավոր համաձայնության ինչ-որ ռիսկ, պետք է ԲԴԽ-ն ուսումնասիրի, հայտնաբերելով նման տվյալ, ԲԴԽ-ն կարող է թույլ տալ՝ միջամտել դատավորի գործունեությանը։ Տվյալ դեպքում նման տեղեկատվության բացակայության պայմաններում զուտ վերացական դատողությունների հիման վրա, որոնք բավարար չէին՝ Վերաքննիչ դատարանում բեկանելու համար, ԲԴԽ-ն թույլ է տալիս դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Ավելին, կարծես թե թշնամություն է անում օբյեկտիվ աշխատող դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում նրան զուտ արդար աշխատելու համար եւ թույլ է տալիս նրան կալանավորելու միջնորդությամբ դիմեն դատարան»։
Սարդարյանը շեշտեց՝ երբ այս քրեական գործը կարճվի, իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ ներողություն են խնդրելու Բախշիյանից. «Բայց ԲԴԽ անդամները ներողությունով չպետք է պրծնեն, նրանք պետք է հրաժարական տան եւ դուրս գան։ Նրանց վարքագիծն ուղղակի անթույլատրելի էր։ Նրանց հարցադրումները գործընթացի ընթացքում ուղղակի ծիծաղելի էին։ Իրավաբանությանը չառնչվող մոտեցումներ էին։ Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավոր-անդամներ ինչ ոգեւորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը, որոնք զուտ դատողություններ էին»։
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։
Այդ մեղադրանքի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել եւ՛ փաստաբանները, եւ՛ դատավորները։ Նրանք պնդում են, որ դատավորի այդ որոշումն օրինաչափ է։











