Իշխանությունները բռնաբարում են արդարադատությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հասարակությունն այս դեպքում պետք է ընդվզի եւ իր գնահատականը տա ստեղծված իրավիճակում։ Մենք չենք եկել այստեղ, որ պաշտպանենք կոնկրետ ինչ-որ դատավորի, կամ էլ ինչ-որ գործ, մենք եկել ենք այստեղ խոսելու եւ պաշտպանելու արդարադատությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսում ենք, որ իշխանությունները երկիրը տանում են այդ ուղղությմաբ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ի պաշտպանություն Բորիս Բախշիյանի, ընդդիմադիր պատգամավորները հավաքվել են դատարանի բակում։
Բորիս Բախշիյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով, ըստ Վանեցյանի, իշխանությունը մեսիջ է ուղարկում ոչ միայն դատական իշխանությանը, այլեւ պետական ապարատին։
«Որ եթե կլինի որեւէ մեկը, ով կհամարձակվի իշխանություններին ոչ հաճելի որոշում կայացնել, անմիջապես պատժվելու է։ Բոլորս պետք է հստակ գնահատական տանք տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի այս երկրում գոնե դատական իշխանությունը գործի անկախ եւ չկատարաի իշխանությունների քմահաճույքը»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։
Նշենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։











