Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը եթերում հայտարարեց, որ միջազգային կառույցներն էլ են խոչընդոտ հանդիսանում, որ տեղահանված արցախցիները վերադառնան Արցախ. Այսինքն միջազգային կառույցները, որ ինչ-որ չափով մեզ աջակցություն են տրամադրում, դրանով խոչընդոտում են, որ մարդիկ գնան Արցախ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, Արցախի ներկայացուցչության դիմաց տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա մանրամասնեց, որ միջազգային կառույցները մարզերում տեղահանված արցացխիներին բրիկետով, վառելափայտով օգնում են կամ կոմունալ վճարումները մի մասով օգնում են. «Միջազգային կառույցները խոչընդոտ չեն հանդիսանում, ընդհակառակը, օգնում են, որ մենք այստեղ գոյատեւենք, իսկ երբ մեզ կասեն, որ ձեր բնակարաններն Արցախում պատրաստ են, մենք մեծ հաճույքով կգնանք: Հայկ Խանումյանը պետք է հրաժարական տա, մեզ Հայկ Խանումյանի նման պետական չինովնիկ պետք չի»,-ընդգծեց նա:

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանն իր հերթին նշեց, որ այստեղ մեղադրել Հայկ Խանումյանին կամ մեկ այլ պաշտոնյայի, պետք չէ, սա կայացած համակարգ է. «Անտարբերություն սեփական ժողովրդի, սեփական հայրենիի հանդեպ: Այդ անտարբերությունից ծնվեց Շուշիի, Շահումյանի կորուստը: Մեզ միշտ պատասխանում են, որ երկիրը հնարավորություն չունի: Պատգամավորներն ստանում են 650-700 հազար դրամ աշխատավարձ, 250 հազար դրամ գրպանի ծախս, գումարած պարգեւավճարները: Ու այդ պատգամավորները հայտարարում են, որ երկիրը հնարավորություն չունի փախստական պահելու:

Ինչու իշխանությունները չեն ուզում մեզ փախստականի կարգավիճակ տան: Պատճառը չեն ասում, ինչու չեն ուզում Արցախի կարգավիճակի վրա աշխատեն: Հայկ Խանումյանը փոքր մարդ է, ես իրեն լավ եմ ճանաչում: Այս փոքր մարդն ուզեցել է կամ ինչ-որ մեկին դուր գալ, կամ էլ ինչ-որ մեկի առաջադրանքն է կատարել: Իր երազանքն է, որ վերեւներում տեսնեն իր ելույթը, ասեն՝ լավ մարդ է, բերեք առաջ քաշենք:

Այսօրվա իշխանությունները, որ արդեն ունեն 4 տարվա փորձ, հայտարարում են, որ նախկիններն են մեղավոր: Եթե դուք 4 տարի հետո հղում եք անում նախկինների թերություններին, պարզ է, որ հաջորդ 4 տարին էլ ոչինչ չեք անելու: Մենք կոչ ենք անում իշխանություններին իրենց հավաքեն եւ իրենց պարտականությունը կատարեն: Իշխանությունն ունի 3 պարտականություն՝ ժողովրդին կերակրել, տնտեսություն զարգացնել, երկրի սահմաններն ու Սահմանադրությունը պահպանել: Ոչ մեկը չի արվում, Արցախը տվել են, հիմա էլ Սյունքին ու Տավուշն են տալիս»,-ասաց Հայրյանը:

Արցախի ներկայացուցչության պաշտոնյան հայտարարեց, որ կփոխանցի ներկաների պահանջները Արցախի ղեկավարությանը, նաեւ նշեց, որ Արցախի կառավարությունն իր հնարավորության սահմաններում այն, ինչ կարողանում է: