Մեզ ասում են՝ պարտադիր պետք է վերադառնաք Արցախ, բայց Արցախը կարգավիճակ չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, Արցախի ներկայացուցչության մոտ տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:

«Եթե Արցախին կարգավիճակ չտրվի, եթե նույնիսկ 1994-ի սահմանները վերականգնվեն, եթե նույնիսկ պատմական Արցախի տարածքը հետ վերադարձնեն, այդ տարածքում հայ չի մնալու:

Ռուսներն ասում են՝ Արցախն Ադրբեջան է, մենք ասում ենք, ռուսն այնտեղ խաղաղապահի առաքելություն է իրականացնում, որն Ադրբեջանը չի հաստատել: 5 տարի հետո ռուսների այնտեղ մնալը հարցական է: Արցախի հայ բնակչությունն ապահովված չէ: Եթե մեզ ուզում եք տանել մի գոտի, որտեղ չկա կարգավիճակ, դուք պարզ ոճրագործներ եք: Ապագա ցեղասպանության համար հող են նախապատրաստում»,-ասաց նա:

Հայրյանը համոզմունք հայտնեց, որ եթե անգամ 5 հոգի գնա Արցախ, արդեն պրոբլեմ է, ոչ տուն է ճարվում, տան վարձերն աստղաբաշխական են, Ստեփանմակերտի շուկան 4-5 անգամ թանկ է Երեւանի շուկաներից:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հավելեց. «Արցախում հյուրանոցներ կան, որտեղ շունչը օրական 5 հազար դրամով մնում են մարդիկ: Իրենց նպատակն այն է, որ ժողովրդին տանեն, 4-5 հոգանոց ընտանիքը լցնեն մի փոքր սենյակի մեջ ու օրական 20-25 հազար դրամ պետությունից քաշեն»: