Նիկոլի կողմից եղել է հայտարարություն, որ «էդ ո՞ր մի դատավորն է, որ պիտի իմ ասածը չանի, բերք տեսնեմ». հենա, դատավոր Բորիս Բախշիյանին բերել են, որ տեսնի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդմանը:

«Բռնաճնշումներ կան դատախազության կողմից դատական իշխանության նկատմամբ: Այսինքն մենք հասել ենք մի փուլի, որ կայացվող դատական ակտը բողոքարկվում է ոչ թե վերադասության կարգով, այլ դատախազությունը տեսնելով այդ դատական ակտը, որոշում է՝ կարո՞ղ է ինչ-որ քրեական հանցակազմի մեջ այն տեղավոևրի ձեւական իմաստով, բայց ոչ բովանդակային եւ  փորձի հետապնդում իրականացնել:

Ըստ էության, դատավոր Բորիս Բախշիյանին առաջարկում են, որ այն քաղբանտարկյալներին, որոնց ինքը ազատ է արձակել, ինքը զբաղեցնի նրանց տեղը: Այսինքն հիմա կամ դու իրականացնում ես արդարադատություն, որի հետագան սեփական պատասխանատվության հանգամանքն է, կամ դառնում ես նիկոլահպատակ, ինչպես դատախազությունն է, ԱԱԾ-ն է, եւ որեւէ խնդիր չես ունենում: Հայաստանում իրավական բեսպրեդելն ակնառու է»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը հավելեց, որ Բորիս Բախշիյանի հետ կապված երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը այն մասին էր, որ այս ամենն ուղղորդվում է գործադիր իշխանության կողմից, այս ամենը վարչապետի հաստիքը զբաղեցնող անձի ուղիղ հրամայականն է եւ էդ մարդու ձեռքից իշխանությունը վերցնելով է հնարավոր այս ամենը հաղթահարել:

«Հնարավոր է ԲորիսԲախշիյանի գործն ստանա արդար լուծում, որովհետեւ ակնհայտ է, որ սա ուղղորդված է: Ինչի՞ց է դատախազությունը եզրակացրել, որ դատավորի կայացրած դատական ակտը հակաօրինական է, եթե այն անգամ չի բողոքարկվել վերադասության կարգով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։