Խոսքը ծառայություն մատուցելու մասին չէ, մասնագիտական կարծիքի մասին է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով հայտնի ձայնագրությանը, ըստ որի ինքը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ:
«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, իմ բոլոր գործընկերները, այդ թվում փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են եւ շարունակում են ունենալ: Իմ կարծիքով որեւէ մեկի համար պարտադիր չէ, ես որեւէ կերպ որեւէ ազդեցություն չեմ ունենում որեւէ հարցի վերաբերյալ: Դա ինձ համար նաեւ մասնագիտական էթիկայի խնդիր է: Այդ շահարկումները երեւի այլ նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ինքը վարչապետի օգնականն է եւ դա թույլ է տալիս պնդելու, որ իր արարքը ուղիղ միջամտություն է արարադատությանը, Վարդապետյանն արձագանքեց. «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից: Ես կմերժեմ խնդրանքը, եթե ինձ ի պաշտոնե դիմեն, բայց ինձ ի պաշտոնե չեն դիմել: Եթե այստեղ հանցակազմ լիներ, գործ կհարուցվեր»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել էր այդ սկանդալային ձայնագրությունը։
Նշենք, որ այդ ձայնագրությունից առաջ էլ տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ։ Փաստաբան Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր։











