Չնայած տուգանքներին, Երևան քաղաքում գործող տրանսպորտային միջոցներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանը՝ հավելելով, որ կրկնակի ստուգայցերի ընթացքում տրանսպորտում կրկին խախտումներ են հայտնաբերվել:
«Տեսչական մարմնի գերագույն նպատակը տուգանելը չէ, այլ վերահսկողական գործիքը կիրառելու միջոցով արձանագրված խախտումներին լուծումներ տալը։ Մեր բնակչությունն իրավացի է, երբ նշում է QR կոդերի կիրառության նպատակահարմարության մասին այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներում խնդիրը չի վերանում»,-նշեց Հայրապետյանը և ընդգծեց, որ վարորդներից սկսած դիմակներ չեն դնում, իսկ տրանսպորտում ալկոգելը բացակայում է։
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից հետ կապված. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել։ Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերանար մաքրեք, թե չէ սկոչով կապված , ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»,-ասաց նա:











