Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի կողմից դատաքննության ժամանակ հարցաքննված լինելու փաստը, եւ այսպես ասած՝ նրա կողմից արդարացնող բնույթի տված ցուցմունքն արդեն բավարար է արձանագրել, որ ունենք նոր հանգամանք, որը բավարար է՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի գրավով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մենք չենք ասում, որ պետության կողմից արձանագրված կալանավորման հիմքերն ի սպառ վերացել են։ Մենք ասում ենք՝ տվյալ պարագայում ունենք այնպիսի իրավիճակ, որը պետության կողմից նախկինում արձանագրված քննությանը խոչընդոտելու հիմքն էապես նվազել է»,- նշեց Ալեքսանյանը եւ հավելեց, որ դա պաշտպանները կապում են Ավետյանի տված արդարացնող բնույթի տված ցուցմունքի հետ։

Ըստ պաշտպանի՝ միամտություն է՝ մտածել, թե Առուշանյանը գործով որեւէ անձի վրա կարող է ազդեցություն ունենալ։

Անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ որոշմանը՝ Ալեքսանյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ Բախշիյանի շուրջ, այդ երեւույթն ուղղակի խժռեց մեր մասնագիտություն եւ վերացրեց իրավաբանությունը Հայաստանում»։

Նշենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի բակում էլ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետի՝ ակցիա է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ։