Դա բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց երկու փաստաթղթով. առաջինը ՍԴ որոշմամբ, որ ինձ որպես ԱԺ պատգամավորի իրավունք չունեին կալանավորելու, եւ երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով; Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով իրեն ամիսներ շարունակ անազատության մեջ պահելուն:

Նկատելիորեն բարելավվել է առողջական վիճակս: Եթե նկատեցիք՝ քայլելը դեռեւս մի քիչ դժվար է, բայց կարող եմ գալ ԱԺ աշխատանքի, միաժամանակ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով: ԱԺ-ում աշխատանքը իմ առաջնահերթությունը չէ, առաջնահերթությունն, իհարկե, բժշկությունն է: Բայց որպես  ԱԺ պատգամավոր ես իրավունք ունեմ զբաղվել բժշկության մեջ միայն գիտական ու կրթական գործունեությամբ: Այս ընթացքում մեծ հաճույքով զբաղվելու եմ Երեւանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի ամբիոնի աշխատանքներով: Նաեւ զբաղվելու եմ գիտական աշխատանքներով բժշկության մեջ»,-ասաց նա: