Մենք պահանջում ենք, որ Վարդենիսի համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանին վերադարձնեն աշխատասենյակն ու կնիքը: Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակած բնակիչներից մեկը:
«Էլ ինչի՞ մենք գնացին ընտրության, իրենք թող նշանակեին, գար աշխատեր: Ես իմ 80 տարեկան մորը կլյասկով տարել եմ ընտրության, ինչի՞ համար: Էսօր մեր ընտրած քաղաքապետը անցել ա, պեչատը չեն տալիս իրան: Դե թող վերեւից նշանակեին, պրծնենինք: Բռնատիրական երկրում ենք ապրո՞ւմ»,-ասաց բնկաիչներից մեկը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ճանապարհներ էր փակում, տեսախցիկների, արագաչափերի էկրաններն էր փակում. «Հիմա հասարակ ճամփա են փակում, հմեն ոստիկանություն, սպեցնազ լցում են, չգիտես ինչ են անում, մեզ էլ սաղիս հավաքեն տանեն: Էս ժողովուրդը պատերազմ տեսուկ ժողովուրդ ա, ստոնք չեն սիրում տենց բան: Թող պեչատը բերեն հանձնեն, հանգիստ գնան, քնեն»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները: Դատարանը մասնակի բավարարել էր հայցը եւ չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները: Սա նշանակում է, որ ավագանին մեկ ամիս անց նորից պետք է համայնքապետ ընտրի:
Ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարել են, որ չեն բողոքարկելու դատարանի որոշումը, պատրաստ են երկրորդ անգամ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին:











