Մարտունի Վարդենիս ճանապարհը փակած քաղաքացիների եւ ճանապարհով անցնել փորձող անձանց միջեւ ինչ-որ պահի վիճաբանություն սկսվեց. «Դե թող ինձ զանա, տենանք կարա՞ զանա: Երկրի ղեկավարին ասեք, որ էս օյինը չդներ ժողովրդի գլխին»,-ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը:
Մեկ ուրիշն էլ նշեց, որ պահանջում են, թող ԱԺ պատգամավորներից գոնե մեկը գա էստեղ. «Ինչքան պատգամավոր, որ ընտրվել է Գեղարքունիքի մարզում ստացած ձայներով, թող բոլորն էլ գան, բոլոր երեք խմբակցություններից: Թող բոլորն էլ գան, կանգնեն ժողովրդի կողքը: Ինչի՞ չեն գալիս, թող մեկը գա, տեսնի էս ժողովրդի ցավն ինչ է: Անտեր վիճակ է համայնքներում: Մի հատ քաղաքապետ լինի, աչքերը հանենք, տեսնենք ինչ է էս երկրի վերջը: Ոստիկանապետին բերում են ժողովրդի դեմ: Էս մարդուն ամեն անգամ բերում են մեր դեմ: Դրա փոխարեն թող մի պատգամավոր գա ձեւի համար: Թող գա, արագի մեջ ավագանու նիստ կազմակերպեն, երաշխավորեն, որ խախանդ է լինելու, դեկտեմբերի 30-ի նման չի լինելու»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները: Դատարանը մասնակի բավարարել էր հայցը եւ չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները: Սա նշանակում է, որ ավագանին մեկ ամիս անց նորից պետք է համայնքապետ ընտրի:
Ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարել են, որ չեն բողոքարկելու դատարանի որոշումը, պատրաստ են երկրորդ անգամ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին:











