Փաստացի արդեն երևում է, որ մարդկանց ձայնը կտրել են, բայց ինչքան էլ կտրեն, միևնույն է, մարդն իր միմիկայով կարող է հասկացնել` ինչ է պահանջում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանը։

«Բոլորին խոսքի իրավունքից զրկել են, այն աստիճան, որ մարդը, տեսնելով ստեղծված իրավիճակը, բարկացած վիճակում չի կարող պոռթկալ, վիրավորել, հայհոյել, հիմա դա էլ են փակել։ «Ստավկա» են դրել, վարչապետին հայհոյելու համար՝ 1 մլն, տիկնոջը հայհոյելու համար՝ 2 մլն, աղջկան՝ 3 մլն, Աշոտիկին` 1400 դրամ, սա իրականում խոսքի իրավունքից զրկել է։

Բռնել, դատավոր Բորիս Բախիշյանին անտեղի կալանավորել են, նրանից մարդու հոտ էր գալիս, հիմա կտեսնենք, թե Բախշիյանին, որ դատավորն է դատելու: Բորիսն էլ էր սա պետք, որ տեսնի, թե իր համախմբած դատավորները ինչ ուղեղի տեր մարդիկ են, ինչքանով են իր հետ աղուհաց կտրած մարդիկ: Էսօր Բորիս Բախշիյանը Բորիս Սյունեցի է դարձել, սյունեցու մտածելակերպով է առաջնորդվում, օրենքի մարդ է։ Ես իրեն հարգում եմ, իր արածը մեծատառով մարդ է:

Ամեն ինչի վերջն էլ գալու է՝ կա՛մ օրենքով, կա՛մ Աստծո ուժով։ Ոստիկաններին մենք հարգել ենք տարիներ շարունակ, հիմա դարձել են «միլիցա», գոնե իրենք ամաչեն, թե հասարակությունն իրենց ինչ անուն է տալիս: Կգա մի ժամանակ, որ առաջինը ոստիկանն է քայլելու՝ իր սխալն ուղղելով: Ֆորման հանելու է տանը դնի, մի սպարտիվկայով գա միանա էս պայքարին»,- ասաց Աղաբեկյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ թե՛ Շուռնուշում, թե՛ ամբողջ Սյունիքում, թե ողջ հանրապետությունում մարդիկ արթնանում են. «Ինչքը քայլելով եկավ դարձավ վարչապետ, հիմա նույն ժողովուրդը քայլելով գնալու է, մեջքից բռնի, դնի մի կողմ եւ իր արժանի զավակին դնի երկրի ղեկավար»,-ընդգծեց Աղաբեկյանը:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքվել են նրա աջակիցները։ Դատարանի որոշման մասին հայտնի կլինի վաղը: