Դա անհնարին բան է, հերթական կուտն է, որ պետք է բաժանեն մեր ժողովրդին, թուրքի լավը ո՞րն է, թուրքը մնում է թուրք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից բազմիցս հայտարարված խաղաղության դարաշրջանին և թուրքերի ու ադրբեջանցիների հետ կողք կողքի խաղաղ ապրելուն:

«Ադրբեջանը ամեն կերպ նվաստացնում է Հայաստանին, մեր կողմից մի համարժեք պատասխան, հակագրոհ չկար, որ ասեր՝ դո պադլեց, պադլեցի ծնունդ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ շատ վիրավորական էր, որ բանակի 30-ամյակը չնշվեց:

«Բանակի շնորհը չէ՞ր, որ գոնե Ստեփանակերտը կարացաք պահեք, գոնե Սյունիք չմտան: Մեզ մոտ պատերազմը չի վերջացել, Ջաբրայիլից որ քամին փչում է, արյան հոտը բոլորիս քթերում է»,- ասաց Աղաբեկյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքվել են նրա աջակիցները։