Քաղաքացիները քիչ առաջ բացել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը, որը փակել էին ժամեր առաջ եւ պահանջում էին Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:

Խաչատրյանը, դիմելով բողոքի ակցիա իրականացնող վարդենիսցիներին, հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել մարզային իշխանությունների հետ, որպեսզի խնդիրը փորձեն բանակցությունների միջոցով լուծել։

«Ես խոսել եմ մեր մարզպետի հետ, մեզ մարզի վարչության պետի հետ խորհրդակցել եմ, 10 օրվա ընթացքում բանակցություններ կունենանք, եթե մի նորմալ լուծում չգտանք, էլի հայտարարությունով ձեզ կդիմեմ, էլի բողոքի ակցիա կանենք, բայց հուսով եմ, որ մեր մեջ ամեն ինչ նորմալ ա ընթանալու եւ լավ ա լինելու։ Որպեսզի չմսրեք, խնդրում եմ՝ բացենք ճանապարհը»,- ասաց Խաչատրյանը, որից հետո երթեւեկությունը վերականգնվեց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները: Դատարանը մասնակի բավարարել էր հայցը եւ չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները: Սա նշանակում է, որ ավագանին նորից պետք է մեկ ամիս անց համայնքապետ ընտրի: