«Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (Անձին հայհոյելը կամ արժանապատվությունը այլ ծանր կերպով վիրավորելը): Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
Նա նշեց, որ Ռուբեն Հակոբյանը ցուցմունք չի տվել, գրավոր հայտարարել է, որ սա համարում է քաղաքական հետապնդում:
Խոսքը ԱԺ-ում լսումների ժամանակ Ռուբեն Հակոբյանի ելույթում հնչած արտահայտությունների մասին է:
Փաստաբանի խոսքով, իշխանությունները այս հոդվածը դարձրել են գործիք քրեական հետապնդում իրականացնող մարմինների միջոցով քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար. «Տպավորություն է, որ ոստիկանությունում նոր բաժին է ստեղծվել, որտեղ վերլուծում են այս կամ այն ընդդիմախոսի ելույթը եւ փորձում են հասկանալ՝ դրանից Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, թե չի վիրավորվել:
Բնականաբար, ելույթում հայհոյանք չի եղել, այսինքն քննությունը գնացել է այն ճանապարհով, որ անձի արժանապատվությունն այլ ծանր կերպով է վիրավորվել: Այս պահին որեւէ տուժող չկա, որեւէ մեկը ներգրավված չէ որպես տուժող: Այդ դեպքում ո՞ւմ արժանապատվությունն է վիրավորվել: Քննիչը ասաց՝ դե պարզ երեւում է՝ ում, առանց անուն նշելու: Այսինքն կա մի հոպոթետիկ անձ, որի արժանապատվությունը ծանր կերպով վիրավորվել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ է նյութեր նախապատրաստել, քրգործ հարուցել եւ ուղարկել ՔԿ:
«Եթե քննիչը կհասկանա, որ կա ուղղակի դիտավորությամբ որեւէ մեկի արժանապատվությունը ծանր կերպով վիրավորելու արարք, ապա թող իր գործողություններն անի որպես քննիչ, սարքի մեղադրական եզրակացություն, ուղարկի դատարան, մենք արդեն դատական փուլում կներկայացնենք մեր բոլոր փաստարկները»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը:











