Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 10 եւ 10/1-րդ շենքերը 4-րդ կարգի վթարային են։ NEWS.am-ի հետ զրույցում բնակիչները պատմում են, որ երեկվա երկրաշարժի հետեւանքով իրենց մի մասը գիշերել է դրսում, մյուս մասն էլ բարեկամների տներում են մնացել։
Երկրաշարժի հետեւանքով մասամբ փլուզվել է շենքի պատը, որից հետո փրկարարները սահմանազատել են տարածքը։
Բնակիչներն խոսքով՝ անգամ թեթեւ ցնցումի դեպքում իրենք խուճապահար դուրս են գալիս շենքից, երեկ էլ դրսում կրակ են վառել ու այնտեղ գիշերել։
«Էդ ժամանակ մենք հյուրեր ունեինք էդ ժամանակ, նստած էինք, մեկ էլ տեսանք շարժվեց, դուրս եկանք, իջանք ներքեւ, տեսանք քարերը թափվել են։ Ամեն անգամ երբ երկրաշարժ է լինում, քարերը թափվում են։ 77 բնակիչ է ունեցել այս շենքը, որից 60-ը տուն են ստացել, 12 ընտանիք էլ էստեղ են մնացել։ Թղթերով հասնում էր մարդկանց 2 սենյականոց. ուզում էին խափեին մի սենյականոցով սաղին հանեին»,- պատմում է շենքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։
Նոր բնակարան ունենալու հույսով բնակիչները շարունակում են վթարային շենքում ապրել։
Տիկին Կարինեն արդեն 33 տարին է այստեղ ապրում, ասում է՝ անարդար է 7 հոգանոց ընտանիքին 1 սենյականոց բնակարան տրամադրելը, ավելի ընդարձակն են ուզում. «Տախտակը երեւում ա, բացել եմ, մեծացրել եմ, որ կոմունալ հարմարություն ունենամ, կարողանամ ընտանիքս այստեղ պահեմ։ Անցած տարի մեզ պիտի կանչեին, տուն տային»։
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ շուտով Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնում է բնակարանների ձեռքբերման մրցույթ, այնուհետեւ կբացվի մրցութային փաթեթ, եւ նախատեսվում է այս տարվա ընթացքում լուծել այդ բնակիչների վերաբնակեցման հարցը։











