Եթե պարզվի, որ մեր Սահմանադրությունը կատարյալ է, ուրեմն Սահմանադրական բրեփոխումների խորհուրդը կասի, որ ոչ մի բան փոխելու կարիք չկա. Ես ինքս այդ առաջարկին կողմ չեմ քվեարկի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խորհրի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Ես ինքս ունեմ պատկերացում, թե ինչը կարելի էր տալ ՀՀ նախագահին որպես նոր լիազորություն, բայց դա կառավարության կամ սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումը չէ: Եկեք համբերենք, սպասենք, թե խորհրդի անդամներն ինչ կարծիք կարտահայտեն լինի նախագահին այսինչ լիազորություն ավելացնելու կամ պակասեցնելու հարցում»,-ասաց նա:

Անդրեասյանը վստահեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն ոչ մի գաղտնի հանձնանարական չի տվել կապված սահմանադրական փոփոխությունների հետ. «Վարչապետը ոչ մի թաքուն հանձնարարական իր մտքի, պատկերացումների մասին գաղտնի բան ինձ չի ասել: Չկա օրակարգ, որը վարչապետը գաղտնի ինձ տվել է, որ այստեղ լոբբինգ անեմ»,-ասաց նա:

«Այս Սահմանադրությունը թույլ է տալիս ուժեղ վարչապետին անվերջ ձգել իր վարչապետությունը: Այսինքն եթե պետք լինի կարող է 5 անգամ էլ, 10 անգամ էլ վարչապետ ընտրվել: Սահմանափակում չկա: Եթե ցանկություն լիներ ուժեղ վարչապետական համակարգով անվերջ պաշտոն ունենալ, ապա այս Սահմանադրությունը դրա բոլոր հնարավորությունները տալիս է»,-ընդգծեց Անդրեասյանը: