Դատարանից բավական լավ ակնկալիքներ ունեմ, որովհետեւ այն աստիճան խեղկատակ գործ է, որ իսկապես շատ դժվար է լինելու որևէ դատավորի համար մեղադրական դատավաճիռ կայացնելը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «10-ի գործով» անցնող ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
Նրա խոսքով, աբսուրդն այն է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին եւ մինչեւ մեղադրանք առաջադրելը ապացույցները, որոնք ուսումնասիրվեցին, 10 մեղադրյալներից բոլորի վերաբերյալ որեւէ քրեորեն դատապարտելի արարք չի հայտնաբերվել. «Օրինակ, արձանագրվել է, որ Սարգիս Կարապետյանը փորձում էր զսպել ցուցարարներին, որոնք շարժվում էին դեպի դատախազության մուտքը: Մասնավոերապես իմ վերաբերյալ իմ վերաբերյալ մի վիդեո-կադր է առանձնացված, սակայն այդ ամենից 10 օր չանցած մեղադրանք է առաջադրվում առանց որեւէ ապացույց ունենալու: Սա հստակ թիրախավորված գործ է հատուկ ընտրված 10 հոգու նկատմամբ: Տեսնելով, որ որեւէ ապացույց չկա, դեպքից 3 ամիս հետո մեկական ոստիկան հանկարծ հիշում են, որ մենք կես ժամ շարունակ մենք սեռական բնույթի հայհոյանք ենք հնչեցրել»,-ասաց նա:
Բագրատ Եսդայանը նշեց, որ սովորություն չունի հասարակության մեջ հայհոյանքեր հնչեցնել, սակայն դա չի նշանակում, որ համաձայն չէ բնորոշման հետ. «Ամբողջությամբ կիսում եմ այդ բնորոշումը. այն անձնավորության արարքների ուղղակի բնութագրումն է, ով հանձնել է հայրենիքի մի մասը։ Ամբողջությամբ կիսում եմ այդ բնորոշումը, որը հնչեցվել է դատախազության շենքի առաջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այն տեսաձայնագրության մեջ, որը որպես ապացույց է ներկայացված դատարանին նախաքննության մարմնի կողմից, այդ վանկարկումը չկա։ Բացի այդ, նրա խոսքով, տեսաձայնագրություններում արձանագրված են, որ այս մարդիկ եղել են դեպքի վայրում, բայց որևէ ձևով այդ արարքը հիմնավորող տեսաձայնագրություն չկա, այդ արարքի վկայության որևէ օբյեկտիվ ապացույց չկա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր հետաձգեց «10-ի գործով»՝ Արսեն Վարդանյանի, Էմանուել Սինանիի, Նարեկ Վերդյանի, Արշակ Սարգսյանի, Սարգիս Կարապետյանի, Տարոն Մանուկյանի, Մեսրոպ Եղիազարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):











