Պետք է լինի բավարար զանգված, որը դուրս կգա փողոց ոչ թե որեւէ մեկին իշխանության բերելու, այլ այս իշխանությանը հեռացնելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք պետք է իրատեսական լինենք՝ հասկանալու համար, թե որքանով է իրավիճակը հասունացել։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է դրան, վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխանության նկատմամբ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է եւ շեշտակի գերազանցում է նրանց ակտիվ աջակցող զանգվածին։ Մեզնից հիասթափվում են նրանք, ովքեր սպասում են ավելի ռադիկալ քայլեր։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է։ Իմ գնահատակով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, երբ մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Հավատալի չէ, որ մի օր խղճի զգացում կունենան եւ կհեռանան՝ ասելով, որ մենք ձախողում ենք ամեն ինչ։ Պետք է բավարար զանգված, որը դուրս կգա փողոց եւ դա չպետք է լինի իմ մասին կամ այլ մարդու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին»,- ասաց երկրորդ նախագահը։











