Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում բնակարանային գողություն էր եղել։ Բաց պատուհանով մտել էին տներից մեկն ու գողացել 550 հազարից ավելի դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գաղտնի հափշտակության մասին հաղորդումը ոստիկանության Մարտունու բաժնում ստացվեց փետրվարի 15-ի առավոտյան: Օպերատիվ խումբը մեկնեց Արծվանիստ։ Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Մարտունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ:

Նրա այլուրեքությունը, սակայն, այսպես ասած՝ ամրագրված էր մի ուշագրավ փաստով՝ փետրվարի 14-ի երեկոյան, երբ եղել էր բնակարանային գողությունը, նա Ծակքար գյուղում հարսանեկան հանդեսի էր մասնակցում:

Մարտունու քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ կասկածյալը երեկոյան ժամը 21-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում բացակայել էր հարսանյաց սրահից, գնացել էր Արծվանիստ ու գողություն արել:

Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։