Ադրբեջանցի պատգամավորներն, իհարկե, Հայաստանի հրավերքով չեն մասնակցում «Եվրանեսթի» նիստերին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական ու հասարակական ուժերն իրավունք չունեն իրենց կարծիքն արտահայտել Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով ադրբեջանցի պատգմավորների հայտարարությանը, թե Բաքվից դրական ազդակներ են բերել, նա արձագանքեց. «Դրական ազդակներով Նիկոլ Փաշինյանը, Էրդողանն ու Ալիեւը արդեն բավականաչափ ժամանակ իրար հետ փոխանակվում են: Այդ ազդակներն իմ միջով չեն անցնում, ես դրանք չեմ տեսնում, ես տեսնում եմ միայն թշնամանք, որը տեսանք «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով, նաեւ տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին ու Արցախում:

Մեր իշխանություններն ուղղակի վախեցան իրենց դիրքորոշումը հայտնել «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների տեսակետն, թե ընդամենը վավերացրել են այդ հռչակագիրը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Բա ուրիշ ի՞նչ պետք է անեին, պաչեին, դնեին ճակատների՞ն»:

Նշենք, որ նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության տեքստ էր դրել շրջանառության մեջ, սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ՔՊ խմբակցությունը դեմ արտահայտվեց դրան: