Փետրվարի 18-ին ոստիկանության հրաձգարանում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի անձնակազմը անցկացրեց գործնական հրաձգության մարզումներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկները «Գլոկ» տեսակի ծառայողական ատրճանակով ստուգեցին հրաձգությունից իրենց մասնագիտական հմտությունները:

Հրաձգությանը ներկա էր պարեկային ծառայության ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հրաձգության արդյունքները՝ պարեկային ծառայության ղեկավարությունը հանձնարարեց մարտական և ֆիզիկական պատրաստականության դասընթացներով առավել կատարելագործել գիտելիքները՝ հետագա ստուգարքներին ավելի լավ արդյունքներ ցուցաբերելու համար։