Այդ առաջարկը եկել է բուհից, բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն ի գիտություն է ընդունել այդ հիմնավորումները: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ պատրաստվում են փակել տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:

«Մենք շատ ենք խոսում բուհական ինքնավարությունից եւ սա այն հարցն է, որ բուհը հայտարարում է, որ ինքը չի կարողանում ապահովել որակյալ կրթություն: Հիմա քննարկման փուլում է, վերջնական որոշում, այս պահին չկա, բայց այդպիսի հարց դրված է քննարկման: Եվ դասախոսական կազմի հետ կապված խնդիր կա, եւ ուսանողների քանակի, եւ ֆինանսական խնդիր կա: Նախարարության գործառույթը եւ պատասխանատվությունը որակյալ կրթության համար սկզբունքներ սահմանելն է, ոլորտային քաղաքականությունը վարելն է»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ ուսման վարձավճարները բարձր են, շատերի համար անհասանելի, քանի որ չեն կարողանում եւ բնակարանի վարձ տալ, եւ ովորելու վճար, Դումանյանն ասաց. «Չի կարելի  բուհին նայել որպես սոցիալական ծրագիր, դիտարկել ժամանցի վայր կամ զբաղվածության կենտրոն, բուհը: Բնակարանի վարձը, տրանսպորտի արժեքը, ապրելու պայմանները ԿԳՍՄՆ տիրույթից դուրս են: Ցանկացած բուհ ունի եւ մարզերից ուսանողներ, եւ արտասահմանից են գալիս: Հանրակացարաններ գոյություն ունեն: Նաեւ բոլոր բուհերում կան տարբերակված մոտեցումներ, առաջադիմությունից կախվծ նրանք ստանում են միանվագ կրթաթոշակ, անվանական կրթաթոշակներ: Բուհի գերխնդիրը որակյալ արդյունք տալն է, եթե մենք պետք է սոցիալական կամ այլ ընկալելի պատճառներով վերապահումներ անենք, որոնք կապ չունեն որակյալ կրթության հետ, եթե մենք պետք է ձեւ անենք, որ բարձրագույն կրթություն ենք կազմակերպում եւ պիտի տանք պետական նմուշի դիպլոմ, դա պատիվ չի բերում մեր բարձրագույն կրթության»: