Մենք շատ լավ տրամադրությամբ եկել ենք ավագանու նիստին, ժողովրդի կողմից ստացել ենք 13 մանդատ, այսինքն ՔՊ-ն հաղթանակ է տարել տարածաշրջանում ձայների բացահայտ առավելությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Վարդենիսի ավագանու նիտից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արամ Մելքոնյանը:

«Մենք ժողովրդի կողմից մեզ տրված մանդատների հետեւից ենք եկել եւ պետք է պատվով պահենք այդ մանդատները: Մենք կհասկանանք՝ ավագանու նիտում առաջադրում ենք թեկնածու, թե ոչ, ինչ ենք անում, որից հետո դուրս կգանք եւ կզրուցենք»,-ասաց նա:

Հարցին, թե կընտրվի՞ այսօր համայնքի ղեկավար, Մելքոնյանը պատասխանեց. «Տեսնենք, հարցերին կպատասխանեմ ավագանու նիստից հետո»:

Իսկ թե ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանն ընտրվի համայնքի ղեկավար, ինչ եք անելու, հարցին էլ արձագանքեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք, ըստ իրավիճակի կհասկանանք՝ ինչ ենք անում: Նիստից հետո առանց «եթե»-ների կպատասխանեմ ձեր հարցերին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու 27 մանդատներից 13-ն ստացել էր ՔՊ-ն, 10 մանդատ ստացել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը եւ 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս»-ը:

Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին:

Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

Վարչական դատարանը փետրվարի 2-ին էր մասնակի բավարարել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

Սա նշանակում է, որ պետք է տեղի ունենան համայնքապետի նոր ընտրություններ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները վստահ են, որ նոր ընտրություններում եւս իրենց թեկնածուն է ընտրվելու համայնքապետ, քանի որ իրենք ունեն 14 մանդատ, որը 50 տոկոսից ավելին է: