Ես ամեն ինչ անելու եմ ի շահ Վարդենիսի եւ վարդենիսցիների՝ անկախ նրանից, ով է ինձ ընտրել, ով չի ընտրել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Վարդենիս համայնքի ավագանու նիստից հետո հայտարարեց համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանը:
«Եթե մարդն աշխատող է հօգուտ մեր ժողովրդի, մեր համայնքի, նա կմնա, կաշխատի: Ես էլ կաշխատեմ իշխանությունների հետ: Կարծում եմ ամեն մի իշխանություն ուրախ կլինի, եթե համայնքի ղեկավարը ի շահ ժողովրդի ծրագրեր կներկայացնի ու կիրականացնի: Ես մեծ սիրով աշխատելու եմ իշխանության հետ»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու նիստում համայնքապետ ընտրվեց երկու ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Ահարոն Խաչատրյանը: ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու 27 մանդատներից 13-ն ստացել էր ՔՊ-ն, 10 մանդատ ստացել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը եւ 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս»-ը:
Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին:
Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
Վարչական դատարանը փետրվարի 2-ին էր մասնակի բավարարել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
Սա նշանակում է, որ պետք է տեղի ունենան համայնքապետի նոր ընտրություններ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները վստահ են, որ նոր ընտրություններում եւս իրենց թեկնածուն է ընտրվելու համայնքապետ, քանի որ իրենք ունեն 14 մանդատ, որը 50 տոկոսից ավելին է:











