Մարտի 11-ին Մուրացանի փողոցում բնակարանային գողություն էր եղել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակարանագողն իր հանցավոր արհեստում ոչ միայն հմուտ էր, այլև գործել էր խիստ համարձակ: Ուշ գիշերով, երբ տան անդամները քնած էին, հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, գողացել հեռուստացույց, էլեկտրոնային գրքույկ, փող ու ոսկի: Տանտիրուհին միայն առավոտյան էր նկատել կատարվածը ու ահազանգել էր 1-02:
Գողությունը կատարած անձին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Էրեբունու քրեական հետախույզները տեղեկություններ ստացան կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանի Պռոշյան փողոցի 47-ամյա բնակիչը իր բարեկամներից մեկի «Մերսեդես» մակնիշի մեքենայով էր գողոնը տեղափոխել: Կատարվածի վերաբերյալ բավարար փաստեր ձեռք բերելուց հետո մարտի 16-ին 47-ամյա տղամարդը, որը բնակարանային գողության մեղադրանքով նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին: Նա կալանավորվել է։ Հայտնաբերվել է նաև մեքենան վարած անձը, որը ստորագրությամբ բաց է թողնվել։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:











