Աղվան Վարդանյանն իր ելույթում շատ հետաքրքիր կերպով ներկայացրեց 1990-ականների ընթացքը, բայց մի բան մոռացավ ասել, այդ թվերին ո՞վ էր Երեւանում միտինգներ անում: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթից:
«Մի հատ ուժ կա, որը տաօրինակ կերպով բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միտինգ է անում: Եվ այդ ուժը կոչվում է ՀՅԴ: Դա փաստ է: Վազգեն Մանուկյանի մասին խոսվեց: Նա վերջին պատերազմում իր իսկ խոստովանությամբ զանգել է զինվորականներին ասել՝ ձեր անելիքը Երեւանում է: Բա սրա մասին ինչո՞ւ չեք խոսում»,-ասաց նա:
Ռուբինյանը մեջբերեց իշխանության հասցեին Աղվան Վարդանյանի օգտագործած արտահայտությունները՝ «ականջներիդ օղ արեք», «ձախ կողմի ճահիճը», ապա շարունակեց. «Էդ օղը… լավ չշարունակեմ: Էդ հիշեցումներից մի բան էլ ասեմ: Ես սիրում եմ կարդալ ՀՅԴ-ական դասականներին: Մասնավորապես կարդում էի Սիմոն Վրացյանի գրքից մի հատված, որտեղ մի հետաքրքիր հատված ուզում եմ ընթերցել: Խոսքը 2018 թվականի մասին է, եթե չեմ սխալվում. «Ծանր կացություն էր, եւ հենց որ հաշտարար պատվիրակությունը Բաթումից վերադարձավ, Հայ ազգային խորհուրդը ձեռնարկեց Հայաստանի կառավարության կազմակերպման՝ հրավիրելով վարչապետության Հովհաննես Քաջազնունուն: Այստեղ էլ բացվեց անակնկալ դժվարություն՝ Ժողովրդական կուսակցությունը՝ Մ. Բաբաջանյանի գլխավորությամբ կտրականապես մերժեց Քաջազնունու առաջարկը՝ մտնելու կառավարության մեջժողովրդականները կառաղի պայքար բացեցին ՀՅԴ-ի դեմ՝ պահանջելով, որ սա քաշվի ասպարեզից եւ իշխանությունը հանձնվի իրենց: Երկու հիմնավորում էին բերում՝ մամուլի եւ հրապարակային ժողովների մեջ նախ ՀՅԴ-ն իր վարած քաղաքականությամբ առհասարակ պատասխանատու էր հայ ժողովրդի գլխին եկած աղետների համար, երկրորդ՝ թուրքերի հետ լեզու գտնելու համար անհրաժեշտ էր նոր ուժ հրապարակ հանել եւ այդ նոր ուժը Ժողովրդական կուսակցությունն էր, որին պետք էր հանձնել կառավարություն կազմելը:
Վերջին տեսակետն, անշուշտ, որոշ ճշմարտություն պարունակում էր իր մեջ: Իհարկե, ավելի լավ կլիներ, որ այդ րոպեին մեջտեղ գար ազգային մի այլ ուժ, որ կարողանար առավել կամ պակաս ձեռնահասությամբ փոխարինել ՀՅԴ-ին: Այդպիսի ուժ գոյությունհ չուներ դժբախտաբար: Հայ ժողովրդական կուսակցությունը թիֆլիսցի սահմանափակ թվով մտավորականների եւ քաղքենիների խմբակցություն էր եւ այդ ուժը չէր»:
Մեջբերումն ավարտելուց հետո Ռուբինյանը դիմեց ընդդիմադիրներին՝ նշելով. «Սա ձեզ ոչինչ չի հիշեցնո՞ւմ, հարգելի ընկերներ»:
Ելույթից հետո հնչեցին ծափահարություններ:











