Այն ժամանակ, երբ Արցախի անվտանգությունը մեր պատասխանատվության տակ էր,  կարելի էր և Ղազանչեցոց գնալ և անվտանգ Սյունիքով անցնել և ամբողջ Արցախով մեր հայրենակիցներն ազատորեն շրջում էին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ աաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանը և նկատեց, որ այս պահին ավելի հեշտ է խոսել փաստերով, քան արյունալի փաստերով:

Անդրադառնալով ԱԺ ամբիոնից ՔՊ պատգամավորների այն արտահայտությանը, թե Արցախ այցելելով ընդդիմությունը վտանգում է արցախցիներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց. «Ցավալի է, որ Հայաստանի՝ իբր իշխող  խմբակցության պատգամավորները նույնպես միացել են բոյկոտին: Իրենցը իրական բոյկոտն է՝ չայցելելով Արցախ, բոյկոտելով Արցախի Հանրապետությունը և միայնակ թողնել Արցախը: Մենք միայնակ Արցախը չենք թողնում, այն մեր հայրենիքն է և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախը երբեք չհայտնվի Ադրբեջանի կազմում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարբեր վայրերում, այսօր էլ արդեն ԱԺ-ում Արցախի դրոշը տեղադրելուն, Մամիջանյանն ասաց. «Արցախի դրոշը կարծես դարձավ Հայաստանի արժանապատվութունը վերադարձնելու շարժման սիմվոլ: Ես դրա համար շատ ուրախ եմ: Ես կարող եմ հասկանալ, որ այն խունտան, որը դեմ քվեարկեց, որպեսզի ՀՀ ԱԺ-ում լինի Արցախի հարցերով հանձնաժողով, պետք է, որ նեղվեր Արցախի դրոշի համար»:

Նա բացատրեց, որ Արցախի դրոշը, ոչ թե պայքարի նպատակ է, այլ սիմվոլ. «Թող իրենք մտածեն, թե ինչպիսի Հայաստան են սարքել, որ հարց է՝ արդյոք կհաջողվի այս կամ այն քաղաքում Արցախի դրոշը տեղադրել, թե ոչ: Էդ ինչ Հայաստան են կառուցել, որ Արցախի դրոշի տեղադրումը կարող է գնահատվել ձեռքբերում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

ՔՊ-ականների պնդմանը, թե Արցախ այցելելով ընդդիմադիրները վտանգում են արցախցիներին, նա ասաց. «Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իշխանության մոտ իրենց լինելով, որ իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր, գերիներ և տարծքային կորուստներ են լինում, քան մինչ այդ՝ 30 տարիների ընթացքում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ նիստերին եւ մեկնում են Արցախ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Արցախի փոքր դրոշ ամրացրեց ԱԺ ամբիոնին, որը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ պոկեց:

«Մեկնում ենք Արցախ». Ընդդիմությունը լքեց դահլիճը՝ ամբիոնում թողնելով Արցախի դրոշը